AM
12 Նոյեմբեր 2026 - 15:04 AMT

ՀՀ-ն լրացուցիչ 7136 բաժնեմաս ձեռք կբերի Սևծովյան առևտրի և զարգացման բանկում

Հայաստանը նախատեսում է Սևծովյան առևտրի և զարգացման բանկում ձեռք բերել լրացուցիչ 7136 բաժնեմաս՝ պահպանելով ֆինանսական կառույցի կապիտալում իր մասնակցության գործող հարաբերակցությունը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 12-ի նիստում։

Հարցը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Հայաստանը 1998 թվականից հանդիսանում է բանկի հիմնադիր անդամներից մեկը։ Նրա խոսքով՝ գործունեության անցած տարիների ընթացքում կառույցը Հայաստանի համար դարձել է կարևոր ֆինանսական գործընկեր՝ երկրի մասնավոր հատվածին տրամադրելով մոտ 400 միլիոն եվրոյի առևտրային և ծրագրային ֆինանսավորում, հայտնում է Արմենպրեսը:

Նախարարը ներկայացրել է նաև բանկի ընթացիկ ֆինանսական ցուցանիշներն ու Հայաստանում իրականացվող ծրագրերի ծավալները։

«Այսօր բանկի գործող վարկային պորտֆելը կազմում է մոտ 1.5 մլրդ եվրո, որից Հայաստանում հաստատված ծրագրերը մոտ 120 մլն եվրո, իսկ փաստացի տրամադրված ֆինանսավորումը՝ մոտ 84 մլն եվրո: Թեև բանկի կապիտալում Հայաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 1.01 տոկոս, մեր երկրում իրականացվող ծրագրերի ֆինանսավորման ծավալը զգալիորեն գերազանցում է այդ մասնակցության հարաբերական կշիռը: Սա ցույց է տալիս, որ բանկի հետ համագործակցությունը Հայաստանի համար ունի գործնական, տնտեսական նշանակություն»,- նշել է Հովհաննիսյանը:

Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեռևս 2024 թվականին Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել կանոնադրական կապիտալի հերթական ավելացման վերաբերյալ։ Հայաստանը ևս աջակցել է այդ նախաձեռնությանը՝ կողմ քվեարկելով համապատասխան որոշմանը։

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ կապիտալի համալրումը միտված է բանկի ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանը՝ հատկապես տնտեսության իրական հատվածում, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերում և տարածաշրջանային նշանակության նախաձեռնություններում։

«Կապիտալի համալրումը նպատակ ունի ընդլայնելու բանկի ֆինանսական հնարավորությունները, հատկապես տնտեսության իրական հատվածի, պետություն-մասնավոր գործընկերության և տարածաշրջանային նշանակության ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ: Հայաստանը լրացուցիչ բաժանորդագրվելու է բանկի 7136 բաժնեմասի, ընդհանուր 8 մլն 206 հազար 400 եվրո արժեքով, արդյունքում մեր երկրի ընդհանուր բաժնեմասի քանակը կհասնի 27136-ի, իսկ բաժանորդագրված կապիտալը՝ 31 մլն 206 հազար 400 եվրոյի: Միաժամանակ կպահպանվի Հայաստանի ներկայիս 1.01 տոկոս մասնակցությունը բանկի կապիտալում»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը:

Հովհաննիսյանը նաև անդրադարձել է բաժնեմասերի դիմաց վճարումների իրականացման մեխանիզմին՝ ընդգծելով, որ նախատեսված ամբողջ գումարը միաժամանակ վճարելու պարտավորություն չի առաջանալու։

«Ընդհանուր գումարի 30 տոկոսի՝ մոտ 2.46 մլն եվրոյի մասով, նախատեսվում է մինչև 2026 թվականի ավարտը թողարկել անտոկոս մուրհակ, որի վճարումները կիրականացվեն 8 հավասար մասերով՝ 2027-2034 թվականների ընթացքում, այսինքն՝ տարեկան վճարումը կկազմի 307 հազար 740 եվրո: Մնացած 70 տոկոսը վճարման ենթակա կլինի միայն ըստ պահանջի»,- նշել է նա:

Ֆինանսների նախարարն ամփոփել է, որ կառավարության ընդունած որոշումը հնարավորություն կտա կատարել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները և պահպանել Սևծովյան առևտրի և զարգացման բանկում երկրի մասնակցության ու քվեարկության իրավունքների ներկայիս կշիռը։

Միաժամանակ, ըստ Վահե Հովհաննիսյանի, այս քայլը կնպաստի բանկի հետ Հայաստանի ֆինանսատնտեսական համագործակցության շարունակականության ապահովմանը։