AM
12 Նոյեմբեր 2026 - 15:12 AMT

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Նոր Զովքի» մի շարք սննդատեսակների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նոր Զովք» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում, որը զբաղվում է հացի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի և մսային կիսաֆաբրիկատների արտադրությամբ՝ հայտնաբերվել են խախտումներ: Վերահսկողության ընթացքում տեսուչները նմուշներ են վերցրել մի շարք սննդատեսակներից և ուղարկել լաբորատոր փորձաքննության։ Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ արտադրամասում թողարկվող որոշ ապրանքատեսակներ չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջներին և գնահատվել են որպես վտանգավոր։

Ստուգումներն անցկացվել են Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի 52 շենքի հասցեում գտնվող 140-րդ խանութի արտադրական տարածքում։

Մասնավորապես, «Դոնաթսներ», «Էկլեր» և «Նրբաբլիթ մսով (տավարի)» արտադրատեսակների նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ երկու մանրէաբանական ցուցանիշներով՝ «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ, և «ԱՑԽՄ»՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

«Տորթ» արտադրատեսակի նմուշում սահմանված նորմերից շեղում է հայտնաբերվել «ԱՑԽՄ» ցուցանիշով, իսկ «Հոթ դոգի» դեպքում՝ «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշով։

Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ նշված արտադրատեսակների մանրէաբանական ցուցանիշները չեն բավարարում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված չափորոշիչներին։

Բացահայտված խախտումների հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Նոր Զովք»-ի արտադրամասի գործունեության առանձին հատվածը։

Մասնավորապես, ժամանակավորապես դադարեցվել է «Դոնաթսներ», «Էկլեր», «Տորթ», «Նրբաբլիթ մսով (տավարի)» և «Հոթ դոգ» արտադրատեսակների թողարկումը։

Տեսչական մարմինը ընկերության ղեկավարությանը հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու և նշված սննդատեսակների արտադրությունը Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

Արձանագրված խախտումների վերացման համար ընկերությանը տրամադրվել է համապատասխան ժամկետ։