Նոյեմբերի 15-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը։ Ներքին գործերի նախարարությունը վարորդներին հորդորել է նախապես ապահովել տրանսպորտային միջոցների համապատասխանությունը սահմանված կանոններին։
Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․
- թեթև մարդատար ավտոմեքենայի և մինչև 3․5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենայի վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
- սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:
Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։
Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։





