AM
13 Նոյեմբեր 2026 - 17:19 AMT

ՀՀ-ն հավակնում է 2029-ին ընդունել կլիմայական COP34 համաժողովը

Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, որը COP31 համաժողովի ընթացքում հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ հանդիպմանը։

«Ներկայացրել եմ 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը։ Անդրադարձել եմ Երևանում կայացած COP17-ի արդյունքներին և համաժողովի կազմակերպման ու բազմակողմ բանակցությունների վարման ընթացքում ձեռք բերած փորձին ու հաջողություններին։

Ընդգծել եմ, որ COP34-ը հյուրընկալելու մեր նախաձեռնությունը նաև համաշխարհային կլիմայական գործողություններին նպաստելու հնարավորություն է։ Այս համատեքստում կարևորել եմ կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և կլիմայական ֆինանսավորման ուղղությամբ հանձնառությունների իրականացումը՝ առանձնացնելով լեռնային երկրների խոցելիությունն ու հարմարվողականության կարիքները։

Անդրադարձել եմ թեկնածության գործընթացի հետագա քայլերին՝ վերահաստատելով Արևելաեվրոպական խմբի անդամ երկրների և Կոնվենցիայի քարտուղարության հետ բաց ու կառուցողական համագործակցության մեր պատրաստակամությունը»,-ասվում է գրառման մեջ:

Հոկտեմբերի 18-ի երեկոյան Երևանի «Մերիդիան» կենտրոնում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի, պաշտոնական բացումը, իսկ ավարտն ազդարարվել է հոկտեմբերի 31-ին: