ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանն Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հետ քննարկել է կոռուպցիայի, կազմակերպված և անդրազգային հանցավորության դեմ դեմ պայքարում երկկողմ գործընկերության խորացման հեռանկարները։
Իտալական պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Անդրեա Պեդուտոն և կարաբիներների փոխգնդապետ Անդրեա Չիլենտոն, որը Հարավային Կովկասում Իտալիայի դեսպանության ոստիկանության կցորդն է։
Հանդիպման ընթացքում Արթուր Նահապետյանն առանձնահատուկ կարևորություն է տվել կազմակերպված հանցավորության և կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի իտալական փորձին։ Նա ընդգծել է 2023 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և Իտալիայի ֆինանսական գվարդիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա ձևավորված գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը։
Կոմիտեի ղեկավարը դրական է գնահատել վերջին տարիներին իտալացի գործընկերների հետ իրավապահ ոլորտում իրականացված համատեղ աշխատանքը։ Նա համոզմունք է հայտնել, որ արդեն ձևավորված համագործակցությունը բարենպաստ հիմք է ստեղծել Իտալիայի՝ կոռուպցիայի և միջազգային բնույթի կազմակերպված հանցավորության դեմ պայքարող մյուս իրավապահ կառույցների հետ ևս սերտ կապեր հաստատելու համար։
Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի հետ համագործակցության ընթացքում արձանագրված դրական արդյունքները։ Դիվանագետը նաև կարևորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիայի դեսպանության ոստիկանության կցորդի նշանակումը՝ ակնկալիք հայտնելով, որ այդ քայլը նոր հնարավորություններ կստեղծի երկու պետությունների իրավապահ մարմինների միջև փոխգործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար։
Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Մասնավորապես, դիտարկվել են վերապատրաստման նոր ծրագրեր կազմակերպելու և գործնական փորձի փոխանակման նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները։
Այս համատեքստում ընդգծվել է իտալացի գործընկերների աջակցության նշանակությունը՝ մասնագիտական պատրաստվածության բարձրացման և կոռուպցիայի ու անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային փորձի կիրառման ուղղությամբ։





