Հայաստանն ու Վրաստանը ամանորյա տոներին ընդառաջ առևտրաշրջանառության ակտիվացման պայմաններում կխստացնեն ստուգումները ներմուծվող և արտահանվող սննդամթերքի նկատմամբ:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության ու գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալության ղեկավար Գեորգի Իակոբաշվիլիի հանդիպման ընթացքում։
«Քննարկվել են սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի, անասնաբուժության բնագավառներում և սահմանային անցակետերում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացմանն առնչվող ընթացիկ հարցերը»,– նշված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել բուսական և կենդանական ծագման հայկական արտադրանքի՝ Վրաստան արտահանման, ինչպես նաև Վրաստանի տարածքով դեպի այլ երկրներ տարանցիկ փոխադրումներին, երկու երկրների տարածքում կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությանը վերաբերող հարցերին։
Կողմերը կարևորել են համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։





