Եվրամիությունը Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին է հանձնել երկրորդ ականազերծման մեքենան, որը նախատեսված է վտանգավոր տարածքներում աշխատանքներն անվտանգ իրականացնելու համար։
Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) ղեկավար Էդուարդ Պետրոսյանը հանրությանն են ներկայացրել եվրոպական կառույցի աջակցությամբ կենտրոնին փոխանցված ավելի փոքր չափսեր ունեցող MV-4 մոդելի մեքենան, որը համալրել է կենտրոնի տեխնիկական հնարավորությունները։
Նշվում է, որ հուլիսին փոխանցված ավելի մեծ՝ MV-10 մեքենայի նման, MV-4-ը նույնպես կառավարվում է հեռակառավարման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս ականազերծման մասնագետներին վտանգավոր տարածքներում աշխատանքներն իրականացնել անվտանգ հեռավորությունից։
ԵՄ-ն նաև աջակցում է ականազերծման մեքենաները շահագործելու նպատակով հայ մասնագետների վերապատրաստմանը և մասնակիորեն հոգում ՀԱՓԿ-ի ընթացիկ ծախսերը։





