Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել զինվորական ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների փաթեթին։ Կողմ է քվեարկել 58 պատգամավոր, դեմ՝ 5-ը, ևս 28-ը ձեռնպահ է մնացել։
Խորհրդարանն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող նախագծերը:
Նախագշերով ՆԳՆ ուսհաստատություն ընդունվելու և ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն է նախատեսվում այն քաղաքացիների համար, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ ստացել են զինվորական ծառայության զորակոչից տարկետում:
Համապատասխան կրթական ծրագիրն ավարտած անձանց համար երաշխավորվում է ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին պաշտոններում ծառայության անցնելը՝ ՆԳՆ համակարգում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով:
10 տարի անընդմեջ ծառայությունից կամ 35 տարին լրանալուց հետո այդ անձանց պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտավորությունը համարվում է իրացված:





