AM
19 Նոյեմբեր 2026 - 10:37 AMT

Փաշինյան․ Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխիքներ կան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման համար անհրաժեշտ երաշխիքներ կան։ Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ իր առաքելության ավարտը կապելով համաձայնագրի ստորագրման ու վավերացման հետ։

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է ընդդիմության հնչեցրած հարցին, թե ինչպիսի երաշխիքներ կան, որ նոր Սահմանադրության ընդունմամբ կհանգուցալուծվեն հակամարտության հետ կապված խնդիրները, հայտնում է Արմենպրեսը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գործադիրն այդ հարցը հիմնավոր է գնահատել, իսկ վերջին շրջանում միջազգային հարթակներում անցկացված քննարկումների և բանակցությունների նպատակներից մեկը հենց այդ հարցի պատասխանը գտնելն է եղել։

«Կա՞ն արդյոք երաշխիքներ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և կվավերացվի։ Այո՛, կան այդպիսի երաշխիքներ։ Ես կարող եմ ինձ վրա վերցնել պատասխանատվություն»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը խոսել է նաև սահմանազատման գործընթացի, անկլավների խնդրի և կողմերի միջև փոխադարձ պահանջների բացակայության մասին՝ վերջին հարցի կարգավորումը պայմանավորելով խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելով։

Անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեին՝ Կառավարության ղեկավարը վերստին հիշատակել է ընդդիմությանն ուղղված իր առաջարկը՝ վերջնական որոշման կայացման իրավունքը վերապահել քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ եթե հանրությունը չվստահի իշխանության ներկայացրած հիմնավորումներին և դեմ արտահայտվի նախագծին, ինքը պատրաստ է հեռանալ։

Միևնույն ժամանակ Փաշինյանը պաշտոնը թողնելու պատրաստակամություն է հայտնել նաև իր առաջ քաշած խաղաղության օրակարգի հաջող իրականացման պարագայում։

«Ես երկու դեպքում էլ հեռանում եմ, անձամբ իմ մասին է խոսքը։ Դրանից հետո քաղաքական պրոցեսները ժողովուրդը ոնց կորոշի՝ իր խնդիրն է»,- հայտարարել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ խաղաղության հաստատումը կնշանակեն իր առաքելության իրականացում։

«Ես իմ միսիան համարում եմ կատարված խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ և վավերացմամբ, մի հատ ֆունդամենտալ ինստիտուցիոնալ խաղաղությամբ։ Եվ ես գնում եմ երկու տարբերակում։ Ասում եմ՝ եկեք հեռացրեք ինձ»,- ասել է վարչապետը։

Շարունակելով պատասխանը՝ Փաշինյանը կրկին հաստատել է ներկայացված քաղաքական օրակարգի իրագործման համար անձամբ պատասխանատվություն կրելու պատրաստակամությունը։

«Ես կարծում եմ, որ ես կարող եմ իմ քաղաքական ամբողջ կապիտալը դնել որպես երաշխիք, որ, այո՛, նոր Սահմանադրության ընդունումից հետո մենք կունենանք ինստիտուցիոնալ և անշրջելի խաղաղություն»,- ասել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ գիտակցում է այդ գործընթացում ի հայտ եկող դժվարությունները և հասկանում գործընկերների արտահայտած մտահոգությունները, այդուհանդերձ, պատրաստ է իր վրա վերցնել համապատասխան պատասխանատվությունը։

«Ես, այո՛, այդ պատասխանատվությունը ստանձնում եմ և առաջարկ եմ անում ընդդիմությանը, որից, իմ կարծիքով, իրենք եթե հրաժարվեն, դա իրենց համար շատ վատ քաղաքական հետևանքների է բերելու»,- հայտարարել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը չի խոչընդոտելու նոր Սահմանադրություն ունենալու՝ իշխանության ստանձնած պարտավորության իրականացմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի հարցին։

Չախոյանը քննադատել է նոր Սահմանադրության դեմ ընդդիմության գործողությունները՝ հարցնելով, թե ինչու են իրազեկման ակցիաներ իրականացվում, եթե ընդդիմադիր խմբակցությունները չեն պատրաստվում աջակցել նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։

Արձագանքելով պատգամավորի հարցին՝ Փաշինյանն արձանագրել է, որ հասարակությունը քննադատական վերաբերմունք ունի նաև իշխանության նկատմամբ, իսկ կառավարությունը չի հավակնում պնդելու, որ երկրում բոլոր հարցերը լուծված են։ Այդուհանդերձ, վարչապետը կարևորել է քաղաքական հանձնառությունների կատարումը։

«Մենք մեր ժողովրդի առաջ ստանձնել ենք պարտավորություն՝ ունենալ նոր Սահմանադրություն և ունենալ խաղաղություն։ Շատ անլուրջ կլինի, եթե մենք ինչ-որ ժամանակ անց գանք, ասենք՝ քանի որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կամ «Հայաստան» խմբակցությունը չի համաձայնվում այդ օրակարգի հետ, ուրեմն մենք հրաժարվում ենք այդ օրակարգից»,- հայտարարել է վարչապետը։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գործադիրն ու խորհրդարանական մեծամասնությունը վճռականորեն տրամադրված են շարունակելու որդեգրած քաղաքական ուղին։ Նրա գնահատմամբ՝ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ խոչընդոտ է դառնում վերջնական և անշրջելի խաղաղության հաստատման ճանապարհին։

«Ես այսօր արդեն այդ գործընթացը սկսում եմ՝ ասում եմ, որ այս ընդդիմությունը դիրքավորվում է որպես խաղաղության հիմնական խոչընդոտ։ Հիմա մենք ունենք երկու ճանապարհ գնալու։ Ընդ որում՝ երկու ճանապարհ չէ, մեծ հավանականությամբ այս ճանապարհներից մեկը մյուսի շարունակությունն է»,- ասել է նա։

Առաջին ճանապարհը, ըստ կառավարության ղեկավարի, ենթադրում է ընդդիմության նկատմամբ հանրային ճնշման ձևավորում։

«Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը խաղաղության օրակարգի շուրջ համախմբված է։ Հանրային ճնշում ենք ձևավորում, և ընդդիմությունն ի վերջո հրաժարվում է այդ դերակատարումից՝ խաղաղության խոչընդոտի դերակատարումից»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձել է նաև զարգացման երկրորդ սցենարին, որը կարող է նախորդ գործընթացի շարունակությունը լինել։

«Քաղաքական գործընթացները տանում ենք այս ուղղությամբ, որ ընդդիմության այս հատվածը պարզապես այլևս խորհրդարանում չի լինում։ Մնացածն արդեն տեխնիկայի հարց է»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը, սակայն, չի հստակեցրել, թե քաղաքական ինչ մեխանիզմով կարող է կյանքի կոչվել իր ներկայացրած երկրորդ տարբերակը։

Փաշինյանը ևս մեկ անգամ վստահություն է հայտնել նոր Սահմանադրության հանրաքվեի դրական ելքի վերաբերյալ։

«Մենք ունենք բավարար վճռականություն և կամք գնալու այդ ճանապարհով։ Եվ երկրորդը՝ համոզմունք ունեմ, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեին գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը»,- հայտարարել է վարչապետը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Նոր Սահմանադրության նախագիծը մինչև նոյեմբերի ավարտը հասանելի կդառնա հանրությանը: Նա ընդգծել է, որ Սահմանադրության բոլոր հոդվածներն ըստ էության նոր են, քանի որ խոսքը ոչ թե գործող Սահմանադրության փոփոխությունների, այլ ամբողջությամբ նոր Սահմանադրության ընդունման մասին է: