AM
20 Նոյեմբեր 2026 - 13:16 AMT

ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում Ինֆանտինոն 2 մրցակից կունենա

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու երեք հայտ է ստացել, որոնցից մեկը ներկայացրել է կառույցի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն։ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնի համար պայքարին միացել են նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն և Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Կոզո Տաշիման։

Նախագահի ընտրությունները կանցկացվեն 2027 թվականի մարտին։ Ինֆանտինոն այս անգամ ստիպված կլինի մրցակցային պայքար մղել պաշտոնը պահպանելու համար՝ ի տարբերություն 2023 թվականի ընտրությունների, երբ վերընտրվել է այլ թեկնածուների բացակայության պայմաններում, գրում է «Ազատությունը»:

Դիալոն նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին հայտնել է շաբաթվա սկզբին։ Նրա թեկնածությունն աջակցություն է ստացել ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեում և ՖԻՖԱ-ի խորհրդում ներկայացված անդամ ֆեդերացիաների կողմից։

Տաշիման, իր հերթին, առաջադրվելու մտադրության մասին տեղեկացրել է նոյեմբերի սկզբին, իսկ պաշտոնական հայտը ներկայացրել է նոյեմբերի 19-ին։

ՀՀ-ն պաշտպանում է Ֆրանսիայի ներկայացուցչի թեկնածությունը:

ՖԻՖԱ-ն 2016 թվականից գլխավորող 56-ամյա շվեյցարացի Ջանի Ինֆանտինոյի հրաժարականի պահանջներ են հնչել Forward Enterprise (FFE) նախաձեռնության ձախողումից հետո։ Այդ նախագծով նախատեսվել է ներդրողներին վաճառել աշխարհի առաջնության և այլ խոշոր ֆուտբոլային մրցաշարերի բաժնեմասերը։

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան 2023 թվականից ղեկավարող Ֆիլիպ Դիալոն առանցքային դերակատարություն է ունեցել նախորդ տարի Ֆրանսիայի և եվրոպական մի շարք այլ երկրների ֆուտբոլային ֆեդերացիաների՝ Ինֆանտինոյին այլևս չաջակցելու որոշման կայացման գործում։