Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է հրադադարի որոշ նախաձեռնություններից հրաժարվելու մասին։
Շենժենում ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով հրապարակվել է խաղաղության մասին հռչակագիր։ Փաստաթղթում անդրադարձ է կատարվել համաշխարհային մարտահրավերներին և միջուկային զենքի տարածման կանխարգելմանը, սակայն Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին հիշատակումներ չեն եղել։ Բանակցություններից հետո Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեն պատասխանել լրագրողների հարցերին։ Թրամփը գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո հեռացել է Շենժենից։
Ամերիկացի և չինացի գործընկերների հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել «ուկրաինական հարցին», գրում է BBC-ն:
ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին տեղեկությունների հրապարակումից հետո գագաթնաժողովը սկսել են համեմատել 1945 թվականի Յալթայի համաժողովի հետ։ Վերջինիս ընթացքում ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը փաստացի համաձայնության են հասել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Հեռավոր Արևելքում ազդեցության ոլորտների բաժանման շուրջ։
Պատասխանելով ռուսական Առաջին ալիքի լրագրողի հարցին՝ նման համեմատության իրավաչափության վերաբերյալ, Պուտինը հայտարարել է, որ Յալթայի հանդիպման գլխավոր արդյունքը եղել է ոչ թե «աշխարհի բաժանումը», այլ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված իրողությունների» ամրագրումը։
«Յալթայում ոչ ոք աշխարհը չի բաժանել։ Աշխարհն ազդեցության գոտիների չի բաժանվել, համաժողովը պարզապես ամրագրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված իրողությունները։ Այսօրվա հակամարտություններում նույնպես ստիպված կլինեն համակերպվել իրողությունների հետ»,– ասել է Պուտինը։
Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպման նախապատրաստումը մտահոգություն է առաջացրել Եվրոպայում։ Այնտեղ մտավախություն են հայտնել, որ հանդիպումը կարող է վերածվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած ազդեցության ոլորտների վերաբաշխման կրկնության։
Այդ ժամանակ Ֆրանկլին Ռուզվելտն ու Ուինսթոն Չերչիլը հասել են Իոսիֆ Ստալինի համաձայնությանը՝ Գերմանիայի նկատմամբ հաղթանակից հետո Ճապոնիայի դեմ պատերազմին միանալու հարցում։ Փոխարենը թույլատրվել է Արևելյան Եվրոպայում խորհրդային ազդեցության ընդլայնումը, ինչպես նաև գաղտնի համաձայնագիր է կնքվել Արևելյան Ասիայի վերաբերյալ, որի համաձայն՝ ԽՍՀՄ-ին են անցել ճապոնական տարածքները՝ Հարավային Սախալինն ու Կուրիլյան կղզիները։
«Շատ չէի ցանկանա, որ սա լիներ Յալթա-2-ը, 3-ը, 4-ը, երբ տեղի է ունենում ազդեցության վերաբաշխում»,– ավելի վաղ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Անդրադառնալով Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցության հնարավորությանը՝ Պուտինը հայտնել է անվտանգության խնդիրները եվրոպական երկրների առաջնորդների հետ քննարկելու Կրեմլի պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները նախ պետք է այցելեն Մոսկվա և ներկայացնեն իրենց առաջարկները։
«Մենք համաձայնել ենք, որ Ուկրաինայի անվտանգությունը պետք է ներառված լինի եվրոպական անվտանգության համակարգում։ Բայց տարօրինակ կլիներ Եվրոպայի անվտանգությունը քննարկել առանց Եվրոպայի։ Հետևաբար, մենք համաձայնել ենք (եվրոպացիների ներգրավմանը), սակայն նախ նրանք պետք է գան Մոսկվա, որպեսզի մենք քննարկենք նրանց հետ»,– հայտարարել է Պուտինը մամուլի ասուլիսում։
Մինչ այժմ ռուսական կողմը դեմ է արտահայտվել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցություններին եվրոպական երկրների ներկայացուցիչների ներգրավմանը։ Վաշինգտոնը, իր հերթին, հետևողականորեն պնդել է բանակցային գործընթացում Եվրոպայի մասնակցության անհրաժեշտությունը։
Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել միայն ուկրաինական ու ամերիկյան պատվիրակությունների հետ՝ պաշտոնապես չմասնակցելով եռակողմ քննարկումներին։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին եվրոպացիների հետ բանակցություններ չի անցկացրել՝ նրանց անվանելով «զբոսաշրջիկներ»։
Եվրոպայի հետ հարաբերությունների համատեքստում Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Ֆինլանդիայի որոշմանը, որով ռուս գեղասահորդներին թույլ չի տրվել մուտք գործել երկիր՝ մրցումներին մասնակցելու նպատակով։ Պուտինի գնահատմամբ՝ Հելսինկիի նման քայլերը նվազեցնում են երկկողմ հարաբերություններում վստահության մակարդակը։
Ռուս մարզիկների մուտքի նկատմամբ սահմանափակումներ է կիրառել նաև Նորվեգիան, իսկ Շվեդիան մշակել է համանման արգելք սահմանելու նախաձեռնություն։
Պուտինի կարծիքով՝ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի հեռանկարով մտահոգ եվրոպացի մի շարք առաջնորդների որոշումները չեն վայելում նրանց ընտրողների աջակցությունը։
«Երբեմն ինձ թվում է, որ եվրոպական որոշ երկրներում առանց քաղաքական վերնախավերի փոփոխության, հավանաբար, անհնար կլինի որևէ բան անել հարաբերությունների լիարժեք կարգավորման համար»,– ասել է Ռուսաստանի նախագահը։
Միևնույն ժամանակ նա չի ներկայացրել կոնկրետ օրինակներ և չի նշել որևէ երկրի անուն։
Ավելի վաղ Ֆինլանդիան հրաժարվել է ռուս մարզիկներին մուտքի արտոնագրեր տրամադրել մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը։ Սահմանափակումը տարածվել է նաև միջազգային մրցաշարերում չեզոք կարգավիճակով հանդես գալու իրավունք ստացած մարզիկների վրա։
Պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններին եվրոպական կողմի մասնակցության հարցը շարունակում է մնալ չլուծված։
Նախորդ շաբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ամերիկացի բանակցողներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հայտարարություններն առաջին հայացքից տարընթերցումների տեղիք չեն տվել։
Քուշները հայտնել է, որ Ռուսաստանը համաձայնել է եվրոպացիների մասնակցությանը։ Նման եզրակացության հիմք են տվել նաև եվրոպական երկրների ղեկավարների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները։ Վերջինս շահագրգռված է, որ պատերազմի ավարտին նվիրված բանակցություններին մասնակցեն նաև Կիևի դաշնակիցները։
Սակայն վերջին շաբաթվա ընթացքում Կրեմլի ներկայացուցիչների հայտարարություններն այդքան հստակ չեն եղել։ Պուտինը պարզաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ նշելով, որ եվրոպացիներն առայժմ հրավիրվել են միայն Մոսկվայում բանակցություններ անցկացնելու համար։
Այդ հանդիպման ընթացքում Կրեմլն ակնկալում է ծանոթանալ եվրոպացիների մոտեցումներին առանցքային հարցերի, այդ թվում՝ Կիևին հնարավոր անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ։ Դրանից հետո միայն Ռուսաստանը կորոշի՝ արդյոք պատրաստ է Եվրոպային տեսնել բանակցային գործընթացում։
Ամերիկյան և ռուսական կողմերի հայտարարությունների միջև ակնհայտ հակասություն կա։ Հնարավոր է՝ Պուտինը Թրամփի բանագնացներին այլ դիրքորոշում է ներկայացրել, հետագայում փոխել է մոտեցումը կամ ամերիկացի բանակցողները ճիշտ չեն ընկալել Ռուսաստանի նախագահի խոսքերը։
Եթե խնդիրը թյուրըմբռնման հետևանք է, հարց է առաջանում, թե որքանով է Սպիտակ տունն ունակ փոխզիջումներ գտնել Ուկրաինայում պատերազմին առնչվող առավել բարդ և զգայուն խնդիրների շուրջ, եթե նույնիսկ բանակցությունների մասնակիցների վերաբերյալ ռուսական դիրքորոշումը հստակ չի ընկալվել։
Հրապարակման պահին եվրոպական երկրների արձագանքը Պուտինի առաջարկին դեռ հայտնի չի եղել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բեռլինում հանդիպումներ է անցկացրել եվրոպացի առաջնորդների, մասնավորապես Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև ամերիկացի բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ։
ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի հետ քննարկվել է Ուկրաինայի հետ մի շարք ուղղություններով կրակի դադարեցման հնարավորությունը։ Սակայն Մոսկվան հրաժարվել է այդ մտադրությունից՝ տվյալ շաբաթ Ղրիմի կամրջի դեմ Ուկրաինայի զինված ուժերի իրականացրած հարձակումներից հետո։
«Ղրիմի կամրջին հասցված հարվածներից հետո չենք պայմանավորվելու»,– հայտարարել է Պուտինը։
Նա հավելել է, որ կամրջի դեմ հարձակումներին Ռուսաստանի պատասխան գործողությունները կլինեն «շատ ավելի ցավոտ», իսկ կառույցը կվերականգնվի։
Պուտինի տեղեկություններով՝ Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածին «լուրջ վնաս է հասցվել»։
«Երկաթուղային հատվածը, կարծում եմ, արդեն վերականգնվել է։ Դա այնքան էլ դժվար չէ անել»,– պնդել է Ռուսաստանի նախագահը։
Վերջինիս հավաստմամբ՝ իր հանձնարարությամբ «արդեն շատ վաղուց» դադարեցվել է Ղրիմի կամրջով ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեղափոխումը։
«Նույնիսկ նավթ և նավթամթերք չէին տեղափոխում Ղրիմի կամրջով»,– հայտարարել է Պուտինը՝ Ռուսաստանն անեքսիայի ենթարկված Ղրիմին կապող կառույցը բնորոշելով որպես բացառապես քաղաքացիական նշանակության օբյեկտ։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական կողմը երեք անգամ հարձակվել է Ղրիմի կամրջի վրա։ Երկրորդ հարձակման հետևանքով վնասվել է կառույցի կամարային հատվածը։
Բրիտանական «Թայմս» պարբերականը, հղում անելով գործողությանը մասնակցած սպային, հայտնել է, որ Ղրիմի կամրջի դեմ հարձակումները ծրագրվել են որպես «խորհրդանշական քայլ Թրամփի, Պուտինի և Սիի հանդիպումից առաջ՝ ցույց տալու համար, որ Պուտինը թույլ է»։
Կիևը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը դիտարկում է որպես օրինական ռազմական թիրախ, քանի որ այն օգտագործվում է ռուսական զորքերի մատակարարումն ապահովելու նպատակով։
Կամրջի դեմ հարձակումներից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դրանք նաև պատասխան են Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ Ռուսաստանի իրականացրած հարվածներին։
Ընթացիկ տարում Պուտինը մի քանի անգամ հայտնել է Ուկրաինայի առաջարկած հրադադարի նախաձեռնությունները մերժելու մասին, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածներն ու նավթավերամշակման գործարանների դեմ հարձակումները դադարեցնելու առաջարկները։
Ռուսաստանի նախագահը «անիմաստ» է որակել արևմտյան երկրների փորձերը՝ Ռուսաստանին «տեղաշարժելու» այն ուղղությամբ, որով վերջինս «չի պատրաստվում շարժվել»։ Խոսքը, մասնավորապես, տարածքային հարցերի մասին է։ Պուտինի պնդմամբ՝ այս հարցում Ռուսաստանը «ոչ մի տեղ չի շարժվելու»։
Նա հասկացնել է տվել, որ ռուսական կողմը շարունակում է չդիտարկել լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո գրավված տարածքներն Ուկրաինային վերադարձնելու հնարավորությունը։
Պուտինի խոսքով՝ պատերազմի ավարտի համար Ուկրաինայի և եվրոպական երկրների իշխանությունները պետք է ընդունեն «ձևավորված իրողությունները» և համաձայնեն դրանց ամրագրմանը։
«Մենք չենք պատրաստվում որևէ բան զոհաբերել, մենք պատրաստվում ենք փոխզիջումներ փնտրել և կարծում ենք, որ դրանք հնարավոր են»,– հայտարարել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Վաշինգտոնն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու նպատակով առաջարկել է «փոխզիջումներ»։
«Այդ փոխզիջումներն առաջարկվել են ամերիկյան կողմի կողմից, և մենք անփոփոխ տեսքով համաձայնել ենք այդ փոխզիջումներին, այդ թվում՝ Անքորիջում։
Այնպես որ, դրանք կան։ Հարցն այն է, թե արդյոք մյուս կողմերը ցանկանում են։ Դատելով նրանից, ինչ մենք տեսնում ենք՝ այս պահին՝ ոչ»,– շարունակել է Պուտինը՝ նկատի ունենալով Ուկրաինային և նրա եվրոպական դաշնակիցներին։
ՌԴ նախագահը կրկին առաջ է քաշել նախկինում բազմիցս հնչեցրած պնդումը, ըստ որի՝ Ուկրաինայի իշխանություններն իբր չեն ցանկանում ռազմական գործողությունների դադարեցում՝ երկրում ընտրությունների անցկացումից խուսափելու համար։
«Հնարավոր է՝ նրանք նույնպես հասկանան, որ ավելի լավ է համաձայնել փոխզիջումներին, քան բախվել իրողություններին»,– եզրափակել է նա։
Պուտինը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ փոխզիջումների մասին է խոսքը։ Նախկին հայտարարություններում նույնպես նա չի բացահայտել դրանց բովանդակությունը։
Միաժամանակ Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել հակամարտությունների, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ Դոնալդ Թրամփի «անկեղծ ձգտման» վերաբերյալ։
Վաշինգտոնի գործողությունների «անհետևողականությունը» Պուտինը պայմանավորել է ԱՄՆ-ի ներքաղաքական բարդ իրավիճակով և երկրի «ոչ դյուրին» քաղաքական համակարգով, որը նախատեսում է հակակշիռների ու քաղաքական հավասարակշռության պահպանման բազմաթիվ մեխանիզմներ։
Նրա խոսքով՝ Մոսկվան կցանկանար ավելի արագ արդյունքների հասնել և առավել արդյունավետ համագործակցել Վաշինգտոնի հետ, սակայն ստիպված է հաշվի առնել առկա պայմանները։
Բի-Բի-Սի-ի մոսկովյան թղթակից Սթիվ Ռոզենբերգը Պուտինին հարցրել է, թե ինչ նշանակություն ունի ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը՝ «նոր աշխարհակարգ», թե՞ «սեղանի շուրջ երեք առաջնորդների գեղեցիկ պատկեր»։
Պուտինը պատասխանել է․ «Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը»։
«Սա պատկեր չէ, սա լուրջ համատեղ աշխատանք է: Արդյոք սա նոր ձևաչափի սկիզբն է՝ առայժմ ոչ»,– շարունակել է նա՝ եռակողմ հանդիպումն օգտակար որակելով։
Պուտինի խոսքով՝ երեք երկրների ղեկավարները «որևէ գերխնդիր չեն առաջադրում», իսկ նրանց նպատակը «փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնումն է, առաջին հերթին՝ անվտանգության ոլորտում»։
«Մենք չենք պայմանավորվել, որ այս ձևաչափով պարբերաբար կհավաքվենք։ Հետևաբար, այս ձևաչափը դեռ գոյություն չունի»,– հավելել է նա։
Թղթակցի հարցին՝ արդյոք Ռուսաստանի նախագահը պատրաստ է ավարտել պատերազմը և արդյոք Դոնալդ Թրամփը փորձել է համոզել նրան այդ հարցում, Պուտինը պատասխանել է հարցով։
«Իսկ դուք չե՞ք նկատել Ղրիմի կամրջին հասցված հարվածները։ Զուտ քաղաքացիական օբյեկտի՞ն»,– հարցրել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը պնդել է, որ Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության դադարեցմամբ, սակայն դրան իբր խոչընդոտում է Ուկրաինան, որն ամռանն ակտիվացրել է Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և նավթատար նավերի դեմ հարձակումները։





