AM
20 Նոյեմբեր 2026 - 16:27 AMT

Դպրոցները կկառուցվեն աշակերտների թվի 20% աճի հաշվարկով

Հայաստանում կառուցվող և վերակառուցվող դպրոցների տարողությունը նախատեսվում է հաշվարկել աշակերտների թվի 20 տոկոս աճի հեռանկարով: Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում է Radar.am-ը:

«Դպրոցաշինական աշխատանքներում, բացի դեմոգրաֆիական աշխատանքներից, իրականացվում են նաև աշխարհագրական տեղանքի, մոտակա բնակավայրերի և բազմաթիվ այլ վերլուծություններ: Կառուցվող, վերակառուցվող դպրոցների հզորությունը պլանավորվում է 20 տոկոս աճի տրամաբանությամբ»,-ասել է նախարարը:

Տարեվերջին կավարտվեն «300 դպրոցն ու մանկապարտեզ» ծրագիրը, 2027-ին կմեկնարկեն հաջորդ 300 դպրոցի, 100 մանկապարտեզի շինաշխատանքները:

Ավելի վաղ նախարարն ասել էր, որ ենթակառուցվածքային ծրագրերը չեն սահմանափակվի միայն դպրոցներով ու մանկապարտեզներով։ Նախատեսված ծրագրերն ընդգրկում են նաև արվեստի և սպորտի 100 դպրոց, 100 համակցված մարզահրապարակ, 40 պատմամշակութային հուշարձան, 30 երիտասարդական կենտրոն, 3 մարզադաշտ, առնվազն 30 քոլեջ, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի ուսանողական կացարաններ և այլ ենթակառուցվածքներ։