AM
20 Նոյեմբեր 2026 - 18:37 AMT

Սևանա լճում ձկնորսությունն արգելվել է մինչև փետրվարի 1-ը

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում ձկնորսության արգելք է սահմանվել։

Ապօրինի որսի դեպքերը կանխելու նպատակով ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկներն ուժեղացված ծառայություն կիրականացնեն, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սիգի ձվադրման շրջանում որսագողության կանխարգելմանն ու ապօրինի ձկնորսության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցերին։

Պարեկային ծառայության ղեկավարն առանձնակի կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության, Սևան ազգային պարկի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համակարգված համագործակցությունը։

Նա նաև հանձնարարել է ջրային պարեկներին բնակչության շրջանում բացատրական և իրազեկման աշխատանքներ իրականացնել։ Խորհրդակցության ավարտից հետո Զաքարյանն այցելել է հենակետ և ծանոթացել ծառայության իրականացման պայմաններին։

Պարեկային ծառայության պետի հանձնարարականի կատարման շրջանակում Գեղարքունիքի մարզի պարեկներն էկոպարեկների, համայնքների վարչական ղեկավարների և Սևան ազգային պարկի ներկայացուցիչների հետ համատեղ իրազեկման միջոցառումներ են անցկացրել Սևանա լճին հարակից համայնքներում։

Բնակիչներին հորդորել են լճից հեռացնել ձկնորսության համար օգտագործվող լողամիջոցներն ու որսագործիքները, խուսափել շրջակա միջավայրին և լճի կենսաբազմազանությանը վնաս հասցնող գործողություններից, ինչպես նաև աջակցել վերահսկողություն իրականացնող կառույցներին։

Սևանա լճի կենսաբազմազանության պաշտպանության նպատակով իրականացվող վերահսկողական միջոցառումները բնական պաշարների պահպանմանն ուղղված կարևոր քայլ են։