Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում անցկացված հեղինակավոր մրցաշարում զբաղեցրել է 9-րդ տեղը՝ ընդգրկվելով աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների լավագույն տասնյակում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարը, որին մասնակցել են համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչներ։
Մրցաշարի գլխավոր մրցանակը նվաճել է Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուզջան։ Փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին, իսկ մրցանակային եռյակը եզրափակել է Միացյալ Նահանգները ներկայացնող անվանի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան։
Մրցաշարի եզրափակիչ փուլում Հայկ Մարտիրոսյանը 25.5։14.5 հաշվով հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։ Դասական շախմատի երկու պարտիաներն էլ ավարտվել են Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։
Մրցաշարին մասնակցել է նաև աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։





