Նոյեմբերի 20-ին Գերմանիայի տարբեր քաղաքներում հազարավոր երիտասարդներ մասնակցել են բողոքի ցույցերի՝ պահանջելով ավելի մեծ ներդրումներ կրթության, սոցիալական պաշտպանության և կլիմայական քաղաքականության ոլորտներում։
Նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնել պարտադիր զինվորական ծառայությունը վերականգնելու հնարավոր նախաձեռնությանը, հայտնում է Deutsche Welle-ն:
Ամենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել մայրաքաղաք Բեռլինում։ Ոստիկանության տվյալներով՝ «Gen Z regelt» («Z սերունդը որոշում է») շարժման կազմակերպած երթին մասնակցել է մոտ 4000 մարդ։ Մինչդեռ միջոցառման կազմակերպիչները ներկայացրել են զգալիորեն ավելի մեծ թվեր՝ պնդելով, որ մասնակիցների թիվը կազմել է 10-15 հազար։
Ցուցարարները հավաքվել են Ալեքսանդերպլաց հրապարակում, որտեղից երթով շարժվել են Բեռլինի Ֆրիդրիխսհայն և Կրոյցբերգ շրջաններով։
Բողոքի ակցիայի մասնակիցների հիմնական մասը կազմել են դպրոցականներն ու ուսանողները։ Նրանցից շատերը կրել են պաստառներ՝ «Արձագանքել, ոչ թե անտեսել» և «Դպրոցը պետք է գիտելիք տա, ոչ թե ծանրաբեռնի» գրություններով։
Ինչպես հաղորդել է գերմանական dpa գործակալությունը, երթին միացել են նաև ձախակողմյան և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պաղեստինամետ խմբերի անդամներ։ Նրանց մի մասը մասնակցել է առանձին շարասյուներով։
«Gen Z regelt» երիտասարդական շարժումը մի շարք սոցիալական և քաղաքական պահանջներ է առաջ քաշել։ Ակտիվիստները կոչ են արել ավելացնել դպրոցների ֆինանսավորումը, ընդլայնել հոգեթերապևտիկ օգնության հասանելիությունը և ավելի շատ միջոցներ հատկացնել կախվածություններ ունեցող անձանց աջակցության ծրագրերին։ Շարժման պահանջների թվում են նաև բնակչության համար կյանքի ավելի մատչելի պայմանների ապահովումը, պարտադիր զինվորական ծառայության վերականգնումից հրաժարվելը և կլիմայի փոփոխության դեմ հետևողական պետական քաղաքականության իրականացումը։
Շարժման ներկայացուցիչ Վերոնիկա Դինտերը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ակտիվիստները մտադիր են ձևավորել ուսանողական բողոքի համագերմանական շարժում։
Նրա խոսքով՝ երիտասարդները դեմ են կրթության և սոցիալական ոլորտներին հատկացվող պետական միջոցների կրճատմանը։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել պարտադիր զինվորական զորակոչը վերականգնելու հնարավորության կապակցությամբ։
Միաժամանակ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ առանձին բողոքի միջոցառում է կազմակերպել Գերմանիայի դպրոցականների դաշնային համաժողովը՝ «Bundesschülerkonferenz» (BSK) կազմակերպությունը։
Վերջինս իրեն տարանջատել է «Gen Z regelt» շարժման նախաձեռնած ցույցերից՝ կենտրոնանալով բացառապես կրթության ոլորտին առնչվող խնդիրների վրա։
Կազմակերպության ներկայացուցիչները պահանջել են վերանորոգել դպրոցական շենքերը, զարգացնել կրթական հաստատություններում սոցիալական աշխատանքի համակարգը և ընդլայնել ուսուցիչներին տրամադրվող աջակցությունը։
Երիտասարդական բողոքի գործողություններ են կազմակերպվել նաև Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում, Բրեմենում, Հանովերում և Գերմանիայի այլ քաղաքներում։
«Gen Z regelt» շարժման հրապարակած տվյալներով՝ բողոքի ակցիաներն ընդգրկել են երկրի ավելի քան 80 քաղաք։
Մայնի Ֆրանկֆուրտում իշխանությունները լրացուցիչ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել՝ հաշվի առնելով հոկտեմբերի 31-ի ցույցերից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։
Չնայած որոշ վայրերում արձանագրվել են հրավառ միջոցների օգտագործման առանձին միջադեպեր, նոյեմբերի 20-ին անցկացված բողոքի միջոցառումների գերակշիռ մասն անցել է խաղաղ պայմաններում։ Այս մասին տեղեկացրել է գերմանական epd լրատվական գործակալությունը։
Նույն օրը երիտասարդական բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև եվրոպական մի շարք այլ պետություններում։
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ «միջազգային երիտասարդական գործադուլի» շրջանակում ցույցեր են անցկացվել առնվազն 25 երկրում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում և Խորվաթիայում։
Տարբեր երկրներում փողոց դուրս եկած երիտասարդները հիմնականում պահանջել են մեծացնել կրթության և սոցիալական պաշտպանության համակարգերի ֆինանսավորումը, ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և նվազեցնել բնակչության կյանքի ծախսերը։





