AM
21 Նոյեմբեր 2026 - 14:20 AMT

Նոր կենսաչափական անձնագրերն ավելի լավ են պաշտպանված կեղծումից

Նոր կենսաչափական անձնագրերի հիմնական առավելություններից մեկը անվտանգության բարձր մակարդակն է, որի շնորհիվ փաստաթղթերի կեղծումը զգալիորեն կբարդանա, գրում է Iravaban.net-ը։

Կենսաչափական փաստաթղթի ներկառուցված էլեկտրոնային չիպում պահպանվող տեղեկությունները պաշտպանվելու են հատուկ թվային ստորագրությամբ։ Այդ տեխնոլոգիան իր գործառույթով կարելի է համեմատել պաշտոնական փաստաթղթի վրա դրվող կնիքի հետ, սակայն թվային տարբերակն ապահովում է տեխնիկական պաշտպանության առավել բարդ և հուսալի մեխանիզմ։

Մասնավորապես, եթե որևէ անձ փորձի միջամտել չիպում գրանցված տեղեկություններին և փոփոխել դրանք, օրինակ՝ անձնագրի տիրոջ անունը կամ դեմքի թվային լուսանկարը, համապատասխան ստուգման համակարգը կկարողանա հայտնաբերել այդ միջամտությունը։

Թվային ստորագրության վավերականության ստուգման ժամանակ ի հայտ կգա սկզբնական և փոփոխված տվյալների միջև անհամապատասխանությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բացահայտել փաստաթղթի էլեկտրոնային տեղեկությունները կեղծելու փորձը։

Նշված տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հավաստիանալ, որ կենսաչափական անձնագրի չիպում պահվող տվյալները մնացել են անփոփոխ և համապատասխանում են փաստաթղթի տրամադրման ժամանակ գրանցված սկզբնական տեղեկություններին։

Այս պաշտպանական համակարգի և անվտանգության լրացուցիչ տեխնոլոգիական լուծումների համադրումը նոր կենսաչափական անձնագրերը կդարձնեն կեղծման փորձերի նկատմամբ առավել դիմացկուն՝ բարձրացնելով փաստաթղթերի հուսալիությունն ու անձնական տվյալների պաշտպանվածությունը։

Նոր կենսաչափական անձնագրերի տրամադրումը մեկնարկել է նոյեմբերի 1-ից, հին նմուշի կապույտ անձնագրերն ուժի մեջ են մինչև վավերականության ավարտը: