Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով վերանայվել են նաև Հանրապետության նախագահի ընտրության պայմաններն ու լիազորությունները։ Առաջարկվում է նվազեցնել տարիքային շեմը և սահմանել առարկություններ ներկայացնելու նոր ընթացակարգեր։
Առաջարկվում է նախագահի թեկնածուի նվազագույն տարիքային շեմը 40-ից իջեցնել 35 տարեկանի։
2015 թվականին ընդունված Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը պետության գլուխն է, որը հետևում է Սահմանադրության պահպանմանը։ Գործող կարգավորմամբ նախագահն իր պարտականությունները կատարելիս պետք է լինի անաչառ և առաջնորդվի բացառապես համապետական ու համազգային շահերով, գրում է Factor.am-ը:
Միաժամանակ գործող Մայր օրենքով սահմանվում է, որ նախագահն իր գործառույթներն իրականացնում է միայն Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների միջոցով։
Նոր նախագծի 48-րդ հոդվածում պահպանվել է նախագահի՝ որպես պետության ղեկավարի և Սահմանադրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ինստիտուտի հիմնական գաղափարը։ Սակայն նրա սահմանադրական առաքելությունը լրացվել է նոր դրույթներով։
Մասնավորապես, առաջարկվող տեքստով Հանրապետության նախագահը նաև «նպաստում է իրավունքի գերակայության և օրինականության ամրապնդմանը, ապահովում է հանրային իշխանության մարմինների գործունեության շարունակականությունը»։
Այսպիսով, նախագահի պարտականությունների շրջանակում ընդգծվում են իրավունքի գերակայության ապահովմանը նպաստելու և պետական կառավարման համակարգի անընդհատությունն աջակցելու գործառույթները։
Փոփոխություն է նախատեսվում նաև նախագահի լիազորությունների իրավական հիմքերի առնչությամբ։
Նախագծի 48-րդ հոդվածի երկրորդ մասով ամրագրվում է, որ նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված լիազորությունների միջոցով։ Ի տարբերություն գործող կարգավորման՝ այս ձևակերպումը հնարավորություն է տալիս նախագահի իրավասությունները մանրամասնել նաև օրենսդրական մակարդակում։
Էական փոփոխություններ են առաջարկվում Հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող անձանց ներկայացվող պահանջներում։
Գործող Սահմանադրության 124-րդ հոդվածի երկրորդ մասով նախագահի թեկնածու կարող է լինել առնվազն 40 տարեկան, վերջին վեց տարիներին բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և նույն ժամանակահատվածում Հայաստանում մշտապես բնակված անձը։
Թեկնածուն պարտավոր է նաև ունենալ ընտրական իրավունք և տիրապետել հայերենին։ Նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով՝ առանց երկրորդ անգամ ընտրվելու հնարավորության։
Նոր Սահմանադրության նախագծի 49-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսվում է մեղմացնել թեկնածուներին ներկայացվող մի շարք սահմանափակումներ։ Առաջարկվում է նախագահի թեկնածուի նվազագույն տարիքային շեմ սահմանել 35 տարեկանը։
Միաժամանակ վերջին տարիներին բացառապես Հայաստանի քաղաքացի լինելու և հանրապետությունում մշտական բնակություն ունենալու պարտադիր ժամկետը նախատեսվում է կրճատել վեցից հինգ տարվա։
Սակայն նախագահի պաշտոնավարման տևողությունը փոփոխության չի ենթարկվում։ Նախագծում պահպանվել է յոթ տարի ժամկետով ընտրվելու և վերընտրվելու իրավունք չունենալու սկզբունքը։
Վերանայվել են նաև Հանրապետության նախագահի լիազորությունները պետական որոշ մարմինների անդամների նշանակման գործընթացում։
Գործող Սահմանադրության 138-րդ հոդվածով նախատեսվում է, որ եթե Ազգային ժողովը երեք ամսվա ընթացքում չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, նախագահը կարող է նշանակել ժամանակավոր պաշտոնակատարների, որոնք պաշտոնավարում են մինչև խորհրդարանի կողմից ընտրության իրականացումը։
Այս կարգավորումը վերաբերում է, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի և անկախ պետական մարմինների անդամների ընտրության դեպքերին։
Նոր նախագծի 51-րդ հոդվածի առաջին մասի հինգերորդ կետով առաջարկվում է առավել մանրամասն սահմանել նման նշանակումների ընթացակարգը։
Ըստ առաջարկվող կարգավորման՝ եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում չի ընտրում անկախ պետական մարմնի անդամին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամին, Դատախազական խորհրդի դատախազ չհանդիսացող անդամին կամ ինքնավար մարմնի անդամին, Հանրապետության նախագահը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար։
Նոր դրույթով այդ անձանց համար նախատեսվում է երկու տարվա պաշտոնավարման ժամկետ։
Միաժամանակ սահմանվում է, որ եթե երկամյա ժամկետի ավարտին խորհրդարանը դեռևս չի ընտրել համապատասխան պաշտոնատար անձին, ժամանակավոր պաշտոնակատարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև Ազգային ժողովի կողմից նոր ընտրության իրականացումը։
Սահմանադրության նոր նախագծում առանձին կարգավորման առարկա է դարձել նաև նախագահի առարկություններ ներկայացնելու՝ վետոյի իրավունքը։
Նախագծի 52-րդ հոդվածի համաձայն՝ որոշակի իրավական ակտերի առնչությամբ նախագահին հնարավորություն է տրվում առարկություններ ներկայացնել և դրանք վերադարձնել առաջարկությունն ուղարկած մարմնին։
Այս մեխանիզմը նախատեսվում է կիրառել, մասնավորապես, դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման, ինչպես նաև Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչների նշանակման կամ պաշտոնից ազատման վերաբերյալ առաջարկությունների դեպքում։
Նախագահը համապատասխան ակտն ստանալուց հետո եռօրյա ժամկետում կարող է այն իր առարկություններով վերադարձնել իրավասու մարմնին։
Եթե առաջարկությունը ներկայացրած մարմինը չի ընդունում նախագահի առարկությունները, Հանրապետության ղեկավարը կարող է ընտրել երկու տարբերակից մեկը՝ ստորագրել համապատասխան ակտը կամ դիմել Սահմանադրական դատարան։
Նախագծով նախատեսվում է, որ եթե նախագահը սահմանված ժամկետում չի իրականացնում նշված գործողություններից որևէ մեկը, իրավական ակտն ուժի մեջ է մտնում ինքնաբերաբար՝ իրավունքի ուժով։
Նախագահի լիազորությունների առավել ուշագրավ փոփոխություններից մեկը վերաբերում է նաև դատական համակարգի վերագնահատման գործընթացին։
Նոր Սահմանադրության նախագծի եզրափակիչ և անցումային դրույթներով առաջարկվում է ներդնել գործող դատավորների մեկանգամյա վերագնահատման մեխանիզմ, որի իրականացման ընթացքում Հանրապետության նախագահին վերապահվում են նոր գործառույթներ։
Նախագծի 85-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել պաշտոնավարող դատավորների վերագնահատում։
Գործընթացը պետք է ներառի դատավորների բարեվարքության, մասնագիտական կարողությունների և գույքային դրության ուսումնասիրությունը։
Վերագնահատումն իրականացնելու նպատակով առաջարկվում է ստեղծել Դատավորների վերագնահատման հանձնաժողով՝ բաղկացած հինգ անդամից։
Հանձնաժողովի անդամներին ընտրելու է Ազգային ժողովը, սակայն թեկնածուների առաջադրման իրավասությունը բաժանվելու է մի քանի պետական ինստիտուտների միջև։
Մասնավորապես, հանձնաժողովի հինգ անդամներից երկուսն ընտրվելու են Հանրապետության նախագահի առաջարկությամբ, ևս երկուսը՝ Մարդու իրավունքների պաշտպանի, որը նոր նախագծով անվանվում է Մարդու իրավունքների հանձնակատար, իսկ մեկ անդամը՝ Կառավարության առաջարկությամբ։
Վերագնահատման արդյունքներով հանձնաժողովը պետք է ընդունի դրական կամ բացասական եզրակացություն և այն ներկայացնի Հանրապետության նախագահին։
Դրական եզրակացություն ստանալու դեպքում նախագահին տրվում է մեկամսյա ժամկետ՝ համապատասխան դատավորի ժամանակավոր պաշտոնակատարին դատավորի պաշտոնում նշանակելու կամ հանձնաժողովի եզրակացությունն իր առարկություններով վերադարձնելու համար։
Եթե հանձնաժողովը չի ընդունում նախագահի առարկությունները և վերահաստատում է իր դրական եզրակացությունը, նախագահը կրկին կանգնում է երկու հնարավոր որոշման առաջ։
Նա կարող է նշանակել համապատասխան անձին դատավորի պաշտոնում կամ հարցը ներկայացնել Սահմանադրական դատարանի քննությանը։
Այս գործընթացում ևս նախատեսվում է իրավունքի ուժով նշանակման մեխանիզմ։
Մասնավորապես, եթե Հանրապետության նախագահը սահմանված ժամկետում չի իրականացնում նախատեսված գործողություններից որևէ մեկը, համապատասխան անձը համարվում է դատավորի պաշտոնում նշանակված՝ առանց լրացուցիչ որոշման անհրաժեշտության։





