«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը դատարանի որոշմամբ պարտավորվել է ներողություն խնդրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանից՝ նրա հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը օրերս կայացրած վճռով մասնակի բավարարել է Կարապետյանի ներկայացրած հայցադիմումը, հայտնում է «Փաստինֆոն»:
Սամվել Կարապետյանը դատարան էր դիմել՝ պահանջելով Լևոն Շիրինյանից հերքել իր վերաբերյալ, ըստ հայցվորի, զրպարտություն պարունակող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար և վճարել 9 միլիոն դրամի փոխհատուցում։
Շիրինյանը իշխանամետ «Սիվիկ» լրատվամիջոցին տված հարցազրույցում խիստ քննադատական և վիրավորական բնույթի արտահայտություններ է հնչեցրել գործարարի ու նրա քաղաքական գործունեության վերաբերյալ։ Հարցազրույցի ընթացքում նա Կարապետյանին և Ռուսաստանից Հայաստան եկած որոշ անձանց ներկայացրել է որպես ռուսական շահերի սպասարկողներ՝ օգտագործելով մի շարք կոշտ բնորոշումներ։
«Եթե Ռուսաստանը դեսանտ է իջեցնում, ուրեմն դիվերսանտ է ուղարկել դրա համար էլ մեր լրատվամիջոցները գործարար, գործարար, ինչ գործարար, սրանք դեսանտ են Ռուսաստանի կողմից ուղարկված և որի նպատակն է հայրենիքը նսեմասցնելն է պետությունից զրկելու առումով։ …
էս անասունները կողոպտում են Հայաստանը տանում են Ռուսաստան։ … Ռուսաստանը հերթով ուղարկում փչացնում է։ … էս ցիկլով էլ վարի են գալու կաթողիկոս կոչված չեկիստը կամ ուզուրպատորը, ինքը և մի քանիսը, որոնք որ եկել են։ Հիմա մտածում եմ սրանք էն աղբանոցում քաղաքական, ռուսները, էլի՞ բան ունեն, օրինակ ինձ թվում էր, թե կաթողիկոսից հետո էլ բան չպիտի հանեն էլի, բայց պարզվում է, որ գտան, ուղարկեցին»։ … Օրինակ, գիտեք ինչ կա, շատ վրդոհվեցուցիչ է, որ ամեն մի հայվան ինչ դիրք էլ հասած լինի, Հայաստան գալուց ոչ թե ծնկաչոք երկիր է ներկայանում, որովհետև դա իր հայրենիքն է, այլ հոխորտանքով է գալիս։ Էս ապուշներն էլ գիտեն աշխարհում Իվան Ահեղից ու Պուտինից էն կողմ բան չկա։ … Ուրեմն սրանց նպատակը եղել է, մնում է ստրկությունը հավերժ պահելը, իրենք լինելով ստրուկ, խոլոպ են չէ, սրանք ըստ էության Պուտինի խոլոպներն են, ճորտերը էլի, եկել են Հայաստանի վրա չիմանալով որ բոլորովին այլ երկիր է…»։
Նույն հարցազրույցի ընթացքում Շիրինյանը նաև աջակցություն է հայտնել իշխանությունների՝ Կարապետյանի նկատմամբ իրականացրած գործողություններին՝ քննադատելով նախկինում նմանատիպ իրավիճակներում ցուցաբերված, իր գնահատմամբ, ոչ բավարար խիստ մոտեցումները։
Հետագայում «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահը շարունակել է Կարապետյանի հասցեին քննադատությունները նաև Ֆեյսբուքի իր էջում։ Շիրինյանը նաև պնդել է, թե գործարարի քաղաքական մոտեցումները նպատակ ունեն վերականգնելու Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և ռուսական ազդեցության ներքո գործող անվտանգային կառույցներից։
Քաղաքացիական գործի քննության արդյունքում դատարանը որոշել է հայցը բավարարել միայն մասնակիորեն։ Դատարանը չի բավարարել զրպարտություն համարվող տեղեկությունների հերքման և 9 միլիոն դրամի փոխհատուցման վերաբերյալ գործարարի ներկայացրած պահանջները։





