ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի 19-րդ նիստում քննարկվել և դրական եզրակացության է արժանացել 2025 թվականին Հայաստանում իրականացված հնագիտական պեղումների վերաբերյալ 14 հաշվետվություն։
Հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել մասնավորապես հետևյալ հնավայրերում և պատմամշակութային հուշարձանների տարածքներում կատարված պեղումների արդյունքները՝
- Շիրակի մարզում՝ Կապսի ջրամբարի ջրածածկման գոտում տեղակայված Կապս-1 և Կապս-2 հնավայրերում, ինչպես նաև վերջերս հայտնաբերված քարայրներում,
- Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում՝ մ.թ.ա. երկրորդ հազարամյակին թվագրվող բնակատեղիում,
- Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանքի հյուսիսային հուշարձանախմբի տարածքում,
- Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրում հայտնաբերված միջնադարյան ժայռափոր համալիրում,
- Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Նորավանք վանական համալիրի տարածքում,
- Արագածոտնի մարզում՝ Աղցքի արքայական դամբարանում,
- Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Սուրբ Շողակաթ եկեղեցուն հարակից միանավ բազիլիկի (Սուրբ Մարիանե) շրջակա տարածքում,
- Շիրակի մարզի Ազատանի բրոնզ-երկաթեդարյան հնավայրի ամրոցի և երրորդ դամբարանադաշտի տարածքներում,
- Լոռու մարզի Հաղպատ բնակավայրում տեղակայված «Կայանբերդ» ամրոցում, ինչպես նաև մի շարք այլ հնավայրերում։
Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից և քննարկումից հետո միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը բոլոր 14 հաշվետվությունների վերաբերյալ դրական եզրակացություն է ներկայացրել։





