AM
26 Նոյեմբեր 2026 - 10:19 AMT

Կասեցվել է «Նաիրի լենդի» պաղպաղակի, վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունը

Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունն ամբողջությամբ, ինչպես նաև վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունը։

ՍԱՏՄ-ի մասնագետները «Նաիրի լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում անցկացրած ստուգման արդյունքում արձանագրել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների խախտումներ, մասնավորապես․

Պաղպաղակի արտադրամասում՝

  • արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
  • պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից,
  • առաստաղների մակերևույթը և արտադրական շինության վերևում գտնվող կառուցվածքը ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • դռները անհարթ են եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրամասում՝

  • արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
  • պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից,
  • սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում գոյացող թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական շինություններից,
  • թափոնները, իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում,
  • սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատրաստված չեն եղել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխան, – սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սեղանները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ամբողջությամբ կասեցվել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում՝ Երևան-Գյումրի մայրուղի 3-րդ գործարան հասցեում տեղակայված «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը։

Սահմանափակում է կիրառվել նաև հրուշակեղենի արտադրամասի գործունեության նկատմամբ՝ կասեցվել է վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունը։ Կասեցման որոշումը կգործի մինչև արձանագրված խախտումների վերացումը։