AM
26 Նոյեմբեր 2026 - 11:15 AMT

Սամվել Ալեքսանյանի ընտանիքի ընկերությունները 104․3 մլն դրամի մաքսային արտոնություն կստանան

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերությունների համար կառավարությունը նախատեսել է 104․3 մլն դրամի մաքսային արտոնություն սահմանել։

Կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում ներառված որոշման նախագծի համաձայն՝ «Ալեքս տեքստիլ» ընկերությունը կազատվի 97 մլն դրամի մաքսատուրքի վճարումից։ Ընկերությունը նախատեսել է ԵՏՄ անդամ չհանդիսացող պետությունից մոտ 1․5 մլրդ դրամի ապրանք ներմուծել, գրում է Factor.am-ը:

Ներդրումային ծրագրի համաձայն՝ արտադրական հաստոցների ձեռքբերմանն ուղղվելու է 105 մլն դրամ, բեռնատար ավտոմեքենաների գնմանը՝ 12 մլն դրամ, իսկ հումքի ձեռքբերմանը՝ մոտ 1․5 մլն դրամ։

Ներկայում ընկերությունն ունի 465 աշխատատեղ՝ ամսական 220 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է մինչև 2027 թվականն աշխատատեղերի քանակն ավելացնել մինչև 485, իսկ միջին ամսական աշխատավարձը բարձրացնել մինչև 230 հազար դրամ։

Կանանց և երեխաների համար նախատեսված զուգագուլպաներ, կիսագուլպաներ ու գուլպաներ արտադրող մյուս ընկերությունը՝ «Ալեքս Սոկս»-ը, կազատվի 7․3 մլն դրամի մաքսատուրքի վճարման պարտավորությունից։

Ընկերության ներմուծման ենթակա ապրանքների ընդհանուր արժեքը կազմելու է 146 մլն դրամ։ Այս պահին ընկերությունում առկա է 65 աշխատատեղ, իսկ միջին ամսական աշխատավարձը կազմում է 215 հազար դրամ։ Մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատակիցների թիվն ավելացնել մինչև 75, իսկ միջին աշխատավարձը հասցնել 220 հազար դրամի։

Երկու ընկերությունների ներկայացրած ներդրումային ծրագրերի համաձայն՝ նախատեսվում է բացել ընդհանուր 30 նոր աշխատատեղ։ Մաքսատուրքի վճարումից ազատելու միջոցով տրամադրվող արտոնությունների գնահատված ընդհանուր արժեքը 104․3 մլն դրամ է։

Նախարարությունը ներկայացված հիմնավորումներում նշել է, որ ապրանքները ԵԱՏՄ անդամ պետություններից չեն ձեռք բերվում, քանի որ այնտեղ առաջարկվող ապրանքները չեն համապատասխանում ընկերությունների տեխնիկական պահանջներին։

Մաքսային արտոնությունների տրամադրմամբ կառավարությունը նպատակ ունի նպաստել տեղական արտադրության զարգացմանը, ներդրումների ծավալի ավելացմանն ու արտահանման խթանմանը։