AM
27 Նոյեմբեր 2026 - 10:54 AMT

«Հայաստանի» պատգամավորները Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը խոսել են քաղաքական հետապնդումների մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բաումանի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել «Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների խախտումների ու ավտորիտարիզմի հաստատման փորձերի վերաբերյալ»։

Հանդիպմանը մասնակցել են խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն ու նույն խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Նրանք անդրադարձել են նաև «քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին», ասվում է խմբակցության հաղորդագրության մեջ:

Խմբակցության ներկայացուցիչներն անընդունելի են համարել Ադրբեջանի կողմից Հայաստանին սահմանադրություն պարտադրելը։

Հանդիպման ընթացքում պատգամավորները քննարկել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

Շվեյցարիայի դեսպանն առանձնահատուկ կարևորություն է տվել երկկողմ կապերի զարգացմանն ու միջխորհրդարանական փոխգործակցության ընդլայնմանը։ Այդ առումով Անդրեա Բաումանն ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի նշանակությունը՝ կարևորելով վերջին տարիներին ծավալված համագործակցությունը։ Դիվանագետն անդրադարձել է նաև Շվեյցարիայի աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչվող միջազգային ծրագրերին։

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել երկկողմ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտության հարցում՝ մասնավորապես կարևորելով տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնումը։