AM
28 Նոյեմբեր 2026 - 10:17 AMT

Խուդաթյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բարձր է գնահատել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման և ոլորտային բարեփոխումների իրականացման գործում Եվրամիության կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը։

Քննարկման առանցքում են եղել էներգետիկայի, տրանսպորտի, ավիացիայի և ճանապարհաշինության բնագավառներում երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերը։

Հանդիպման ամփոփման ժամանակ կողմերը կրկին ընդգծել են հիշյալ ոլորտներում համագործակցությունը շարունակելու, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու իրենց պատրաստակամությունը։

2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։