ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ/ODIHR) մարտի 10-ին կազմակերպում են վերանայման խորհրդաժողով, որի քննարկման առանցքում կլինի Հայաստանում «Դատավարությունների դիտարկում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից ներկայացված առաջարկությունների կատարումը:
Միջոցառմանը կմասնակցեն պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և իրավաբաններ:
Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները կանդրադառնան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մեկ տարի առաջ ներկայացված առաջարկությունների կատարման գործընթացին և կքննարկեն նրանց պատշաճ լինելը և արդյունքում մշակված օրենսդրական և գործնական նախաձեռնություննեը: Միջոցառումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵԱՀԿ ջանքերից է, հայտնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Վարշավա) ղեկավար Յանեշ Լենարչիչը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդես կգան բացման ելույթներով:





