Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի սոցիալապես ծանր պայմաններում հայտնված ընտանիքին աջակցելու և նրանց երեք երեխաներին Գյումրու տարբեր մանկատներից նույն մանկատուն տեղափոխելու խնդրանքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին ու ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին դիմում-ուղերձ է հղել «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանի 3 երեխաները, ըստ ծնողների պնդման, իրենց կամքին հակառակ, տեղափոխվել են Գյումրու տարբեր մանկատներ: Երեխաների հայրը, ամիսներ շարունակ թակելով հեռուստաընկերությունների և իշխանությունների դռները, պահանջում է իր երեխաներին, հայտարարելով, որ ինքն ունի աշխատանք և կարող է նրանց պահել:
«Այս դեպքը հարուցել է հասարակության վրդովմունքը: Եվ քանի որ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներն ու լրագրողները նույն դեպքի մասին տալիս էին իրարամերժ տեղեկատվություն, մենք որոշեցինք ինքներս ուսումնասիրություն կատարել` այցելելով ինչպես տվյալ ընտանիքի բնակավայր, այնպես էլ երեխաներին հյուրընկալած մանկատներ: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կողմից կատարվեցին նաև լուսանկարահանումներ ու տեսաձայնագրություններ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկա իրավիճակում, երբ այդ ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և երեխաների մայրը հրատապ բուժզննման կարիք ունի, գուցե ժամանակավոր, բայց միակ ճիշտ լուծումը երեխաներին մանկատուն տեղափոխելն էր: Սակայն սխալ մոտեցում է ցուցաբերվել, երբ նույն ընտանիքի երեխաները բաժանվել և տեղավորվել են քաղաքի տարբեր ծայրամասերում գտնվող մանկատներում: Հաստատությունների աշխատակիցների պատմելով`այդ երեխաները համարյա թե չեն խոսում և չեն շփվում, ինչը, կարծում ենք, նաև նրանց մեկմեկուց բաժանելու պատճառով է»,-ասվում է ուղերձում:
Դիմումի հեղինակներն առաջարկում են, որ այդ ընտանիքի երեք երեխաներին հնարավորություն տրվի բնակվելու նույն մանկատանը: ՀՀ կառավարության 9 նոյեմբերի 2006 թվականի N 1735-Ն երեխաների խնամքի և պաշտպանություն իրականացնող կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաների տեղավորման մասին որոշմամբ սահմանված կագի համաձայն. « Մանկատանը տեղավորման ենթակա նույն ընտանիքի երեխաները (քույրեր և եղբայրներ) տեղավորվում են միևնույն մանկատանը` բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական ժամանակավոր հատկացուցումներով այդ երեխաների խնամքն ու դաստիարակությունն անհնար է իրականացնել միասին»:
«Խնդրում ենք Ձեզ`շուտափույթ կերպով լուծում տալ այս խնդրին և մինչև այդ ընտանիքի սոցիալական վիճակի մի փոքր բարելավումը կամ գոնե կիսախարխուլ տան նորոգումը, որի մասին կարծում ենք հոգ պետք է տանեն նաև մարզային և տեղական իշխանությունները, երեխաներին հրատապ կերպով տեղափոխել նույն մանկատուն»,-ասվում է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի դիմում-ուղերձում:





