AM
10 Մարտ 2011 - 14:12 AMT

ԺՀՄԻԳ ղեկավարը հորդորել է սահմանափակել կալանավորման կիրառումը որպես խափանման միջոց

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչը այսօր ընդգծեց երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումների խթանման կարևորությունը: Լենարչիչը Հայաստանում է երկօրյա այցով` քննարկելու ժողովրդավարական բարեփոխումները և վերանայելու 2008թ. հետընտրական բռնության հետ առնչվող դատավարությունների վերաբերյալ մեկ տարի առաջ ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված առաջարկությունների կատարումը:

«Արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջընթացը կարևոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Իշխանությունների տարանջատման և դատական համակարգի անկախության վրա հիմնված կառավարման համակարգի համար չկա հարատև այլընտրանք, եթե Հայաստանը ցանկանում է հասնել հարատև կայունության և բարգավաճման»,- նշեց ԺՀՄԻԳ-ի ղեկավարը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված խորհրդաժողովին, որի նպատակն էր գնահատել առաջարկությունները կյանքի կոչելու առաջընթացը:

Լենարչիչը ողջունեց նոր քրեական դատավարության օրենսգրքի վրա ներկայումս կատարվող աշխատանքը և հույս հայտնեց, որ այն կներառի բարելավված մարդու իրավունքների երաշխիքներ:

Նա նաև շեշտեց կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու սահմանափակման անհրաժեշտությունը` հօգուտ այլընտրանքային խափանման միջոցների, ինչպես նաև հորդորեց քայլեր ձեռնարկել պահման վայրերում խոշտանգումները և այլ տեսակի վատ վերաբերմունքը կանխարգելու ուղղությամբ:

«Իշխանություններn արդեն որոշ առաջարկություններ հաշվի են առել, բայց դեռևս շատ անելիք կա ապահովելու արդար դատաքննությունը, դատական համակարգի անկախությունը և իշխանությունների իրական տարանջատումը», հավելեց Լենարչիչը: Նա ասաց, որ Հայաստանը զգալի առաջընթաց է կատարել օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ, սակայն օրենքի կիրառումը դեռևս խնդիր է, որին անհրաժեշտ է անդրադառնալ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումների ընթացքում Լենարչիչը կարևորել է հավաքների ազատության նկատմամբ հարգանքը և խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության հնարավորինս սահմանափակ միջամտությունը, ասվում է ԵԱՀԿ հայաստանյան ներկայացուցչության մամլո հաղորդագրության մեջ:

Խոսելով 2012թ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին, ԺՀՄԻԳ-ի ղեկավարը կոչ է արել ապահովել թափանցիկ և ներկայացուցչական գործընթաց նոր ընտրական օրենսգրքի մշակման և ընդունման գործում: Նա նշեց, որ անհրաժեշտ է անդրադառնալ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակասին, իշխանական և կուսակցական գործառույթների միջև հստակ բաժանման բացակայությանը, ինչպես նաև թեկնածուների նկատմամբ հավասար պայմանների ապահովմանը: