Մարտի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել կիրակնօրյա վարժարանների թեմական ներկայացուցչական ժողով` կազմակերպված Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից, համագործակցությամբ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունը:
Ժողովին մասնակցեցին հոգևորական և աշխարհիկ ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր թեմերից: Ժողովականները` նախագահությամբ ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի, քննարկեցին կիրակնօրյա վարժարանների գործունեության կանոնակարգի նախագիծը, որը պետք է նպաստի թեմերի ենթակայության ներքո գործող շուրջ 60 կիրակնօրյա վարժարանների առավել կանոնակարգված գործունեությանը:
Կիրակնօրյա վարժարանների միասնական կրթական ծրագրի և գործունեության կանոնակարգի նախագիծը կքննարկվի նաև թեմերում և լրամշակվելուց հետո կներկայացվի Ամենայն Հայոց Հայրապետի հաստատմանը:





