Փետրվարի 28-ին Երևանի քաղաքապետարանը ընդունել է որոշում, որի համաձայն տաքսիների կայանատեղիները դարձել են վճարովի: Դա պատճառ է հանդիսացել, ար անհատ վարորդները դժգոհության ալիք բարձրացնեն:
«Վարորդ-ոստիկան համագործակցություն» հասարակական կազմակերպության համանախագահ Գևորգ Դոստուրյանը նշեց, որ քաղաքապետարանը մոտ 48 կայանատեղի է հատկացրել. «Դրանք տրամադրվել են տարբեր ՍՊԸ-ների, որոնց մեջ կան նաև տաքսի սերվիսներ, վերջիններս էլ օրավարձ են սահմանել, օրինակ «Ռոսիայի» մոտ 1 օրվա համար տաքսու վարորդը պետք է վճարի 500 դրամ, իսկ Էրեբունի հիվանդանոցի մոտի տարածքը տրամադրված է տաքսի ծառայությանը, որտեղ կանգնում են միայն նրան պատկանող մեքենաները» ,- ընդգծել է Դոստուրյանը:
Վարորդները պահանջում են, որ կայանատեղիները ընդհանուր լինեն բոլորի համար, և օրինական դաշտում գտնվող ցանկացած տաքսի իրավունք ունենա այնտեղ կանգնելու: Ըստ Դոստուրյանի, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հաստատել է, որ «Ռոսիայի» կայանատեղին վարձակալած է:
PanARMENIAN.Net-ի լրագրողը փորձեց պարզել, թե ում է պատկանում այդ կայանատեղին, և այնտեղի աշխատակիցը ներկայացրեց պայմանագիրը, որում նշված է հետևյալը. «Կենտրոն վարչական շրջանը ի դեմս ղեկավար Գագիկ Գյանջումյանի և ԱՁ Վալերի Թոփիկյանը կնքեցին սույն պայմանագիրը 3 ամիս ժամանակով»:
Աշխատակցի խոսքերով` յուրաքանչյուր քառակուսի մետրի համար օրական վճարում են 2000 դրամ, իսկ յուրաքանչյուր վարորդից գանձում` 500 դրամ: Տարածքը կազմում է 60 քառակուսի մետր:
Իսկ բողոքող վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ քաղաքում ազատ կայանատեղի չկա: «Ստացվում է, որ մենք ամսական 15 հազ. դրամ հարկ ենք վճարում, և 15 հազ.ար էլ ավելացավ: Բացի այդ մենք ավելի քան 200 հազար դրամ էլ ամսական վճարում ենք մեքենաների ապառիկի համար: Եթե այսպես շարունակվի, ստիպված ենք լինելու համարները հանձնել և սկսել աշխատել գաղտնի» ,- ասաց վարորդը:





