Մարտի 15-ին Երևանում տեղի կունենա մասնավոր ընկերություններում «Մարդկային ռեսուրսների կառավարման» համակարգի ֆունկցիոնալությունը` որպես ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նախապայման հետազոտության շնորհանդեսը:
Ներկաների դատին են ներկայացվելու հետազոտությունների արդյունքները, մասնակիցներն իրենց պրակտիկ փորձով և գիտելիքներով կօգնեն գալ մի ընդհանուր հայտարարի ու քննարկել հետագա քայլերը:
Հետազոտությունն իրականացրել է «Ճեմարանականների միություն» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է երիտասարդական և կրթական հիմնախնդիրներով զբաղվելը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ, հայտնում է «Ճեմարանականների միություն» հասարակական կազմակերպության մամլո ծառայությունը:
Շնորհանդեսին կմասնակցեն կառավարության, ՀՀ կրթության և գիտության, էկոնոմիկայի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի, Սոցիալական, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնավոր ընկերություններ ու փորձագետներ:





