AM
14 Մարտ 2011 - 09:44 AMT

ՀԱԿ. Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի

Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը: «Ամբողջ 13 օր որեւէ կերպ պաշտոնապես չանդրադառնալով մարտի 1-ին հանրահավաքի հետ կապված հիշյալ միջադեպին, Սամսոն Խաչատրյանի ձերբակալելու որոշումը կայացվել է նախօրեին նրա հրապարակած հարցազրույցից («Չորրորդ Ինքնիշխանություն», 12.03.2011) անմիջապես հետո, որտեղ նա կոշտ գնահատականներ է տվել իշխանություններին, պահանջել նրանց հրաժարականը եւ հանրությանը կոչ արել ակտիվորեն մասնակցել մարտի 17-ի հանրահավաքին։ Կատարվածն այլ բան չէ, քան Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքին ընդառաջ ոստիկանական գործողություն, որը նպատակ ունի նվազեցնել հանրահավաքի մասնակիցների սպասվող մեծ թիվը»,-ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ։ ՀԱԿ-ը պահանջում է անմիջապես ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին։

«Մարտի 13-ին, ժամը 17-ի սահմաններում «Դինամո» մարզադահլիճի հարակից տարածքից առեւանգել են աշխարհահռչակ բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանին։ Նա այստեղ էր եկել Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը դիտելու, երբ մեքենայից իջնելուն պես, առանց որեւէ նախազգուշացման, նրա վրա են հարձակվել դիմակավորված հատուկջոկատայինները։ Գործողությանը ներկա է եղել Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Աշոտ Կարապետյանը»,-ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։

Մինչդեռ, ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության, մարտի 13-ին, ժամը 17.00-ին, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել Սամսոն Խաչատրյանը: Բերման են ենթարկվել նաև այդ պահին ավտոմեքենայում գտնվող Պողոս Կրմզյանն ու Միսակ Հովակիմյանը:

2011 թ. մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին:

Ս. Խաչատրյանն բաժնում հայտարարել է, որ քաշքշուկի ընթացքում հնարավոր է հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը:

Նույն օրը, ժամը 20-ին, Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է:

Նրա հետ բերման ենթարկված անձինք որպես վկա հարցաքննվել և ազատ են արձակվել: