Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների ու անհայտ կորածների թիվը գերազանցել է 5 հազարը: Այդ մասին հայտնում է Կիոդո գործակալությունը՝ հղում անելոբ տեղական ոստիկանության ներկայացուցիչներին:
Ավելի վաղ Կիոդո գործակալությունը հայտնել էր 4,5 հազար զոհերի ու անհայտ կորածների մասին:
Մոտ հազար մարդու դի է հայտնաբերվել երկուշաբթի օրը Մինամի-Սանրիկու քաղաքում, որտեղ, ըստ տեղական իշխանությունների, անհայտ կորածների թիվը հասել է 10 հազարի, ինչը կազմում է այդ քաղաքի բնակչության կեսից ավելին: Օցուտի քաղաքում անհայտ է մնում մոտ 8 հազար մարդու ճակատագիր:
Հրշեջ ծառայությունների տվյալներով, 63,2 հազար շենք լիովին կամ մասնակիորեն ավերվել է:
Մարտի 11-ի 9.0 մագնիտուդով երկրաշարժը Ճապոնիայում մոտ 10 մ բարձրության ցունամի առաջացրեց: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Տոկիոյից 373 կմ հեռավորության վրա, 24 կմ խորությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:





