Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ առաջարկել է մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին տեղյակ լինելու և կարիքները հասկանալու համար մեխանիզմներ մշակել և համապատասխան վերլուծություն կատարել: «Այս կերպ բնակչին հուզող ցանկացած խնդիր արդեն հասցեական կլինի, և ավելի արդյունավետ ու արագ լուծումներ կգտնվեն»,- նկատել է քաղաքապետը:
Անդրադառնալով մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորին շատ ներդրումային միջոցների ներգրավմանը` Կարեն Կարապետյանը շեշտել է, որ քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին ու նախաձեռնություններին` հավելելով, որ մասնավոր հատվածի հետ համագործակցություն կհաստատվի բիզնես հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Այս առումով քաղաքապետը հանձնարարել է մշակել և պոտենցիալ ներդրողներին ներկայացնել համապատասխան ներդրումային առաջարկներ:
Քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետը հատուկ ուշադրություն է հրավիրել գլխավոր մայրուղիների, կամուրջների, ինչպես նաև շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման և կանաչապատման խնդիրներին: Հանձնարարվել է ներկայացնել համապատասխան լուծումներ և առաջարկներ: Անդրադարձ է եղել նաև շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերն ու ժամկետները խախտած կառուցապատողներին:
Քաղաքապետի հանձնարարությամբ` այն կառուցապատողների հանդեպ, ովքեր սահմանված կարգով և սահմանված ժամկետում չեն արձագանքել քաղաքապետարանի կողմից ներկայացված նախազգուշացմանը, քաղաքապետարանը կդիմի օրենքով սահմանված միջոցների` դատական կարգով հարցը լուծելու համար: Կդադարեցվեն և համապատասխան տույժեր կկիրառվեն նաև վարձակալության պայմանագրեր կնքած այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր չեն ապահովում իրենց տարածքների հարակից հատվածների բարեկարգման և կանաչապատման համար սահմանված պարտադիր նորմն ու պայմանագրային պարտավորությունները:
Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի կառավարման խնդիրներին` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի տրանսպորտային քաղաքականության հեռանկարը Երևանի երթևեկությունը միջին տեղատարողության ավտոբուսներով կազմակերպելն է: Այս հարցում քաղաքապետը հանձնարարել է լինել հետևողական և շարունակել դաշտում ներգրավված տնտեսվարողների իրազեկման գործընթացը:
Հանձնարարվել է աշխատանքները համակարգել և կազմակերպել նաև համաքաղաքային գարնանային ծառատունկի հետ կապված:
Քաղաքապետը հանձնարարել է նաև ուսումնասիրել «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված փաստաթղթային փաթեթները, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:





