Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ առաջարկել է մայրաքաղաքի բնակիչների կարիքները հասկանալու համար մեխանիզմներ մշակել և համապատասխան վերլուծություն կատարել: Անդրադառնալով մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորին շատ ներդրումային միջոցների ներգրավմանը` Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին ու նախաձեռնություններին:
Քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետը հատուկ ուշադրություն է հրավիրել գլխավոր մայրուղիների, կամուրջների, ինչպես նաև շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման և կանաչապատման խնդիրներին: Հանձնարարվել է ներկայացնել համապատասխան լուծումներ և առաջարկներ:
Եվս մեկ անգամ անդրադարձ է եղել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերն ու ժամկետները խախտած կառուցապատողներին: Քաղաքապետի հանձնարարությամբ` այն կառուցապատողները, ովքեր սահմանված կարգով և սահմանված ժամկետում չեն արձագանքել քաղաքապետարանի կողմից ներկայացված նախազգուշացմանը, ապա քաղաքապետարանը կդիմի օրենքով սահմանված միջոցների` դատական կարգով հարցը լուծելու համար:
Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի կառավարման խնդիրներին` Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանի տրանսպորտային քաղաքականության հեռանկարը Երևանի երթևեկությունը միջին տեղատարողության ավտոբուսներով կազմակերպելն է, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:





