Շարունակելով Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը` խախտելով քաղաքաշինական եւ բնապահպանական բազմաթիվ նորմեր, քաղաքային իշխանությունները ըստ էության արհամարում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ հողային օրենսգրքի, Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի ու գոտիավորման նախագծի պահանջները: Այս մասին ասվում է Գյումրու հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Գյումրու Վարդանանց հրապարակը, որը ըստ գոտիավորման նախագծի նախատեսված էր որպես կանաչ հրապարակ, 2008թ. պատվեց քարե գորգով եւ դա քաղաքային բյուջեից խլեց ավելի քան 180 մլն դրամ: Հրապարակի եւ Սպանդարյան փողոցի արանքում թողնված կանաչ կղզյակը, որը բաղկացած է ութ եղեւնիներից, քաղաքապետարանը նախատեսում է տեղափոխել, այնինչ ըստ քաղաքապետարանի գլխավոր դենդրոլոգի` տեղափոխելուց հետո նոր վայրում դրանց աճելու հավանականությունը շատ փոքր է:
«2007 թվականի հոկտեմբերից մեր հիշողությունների մեջ դեռեւս թարմ են Գյումրու Անկախության հրապարակի յոթ եղեւնիների հատումն ու դրանց փոխարեն գնդաձեւ ակացիներ տնկելու մինչ օրս չիրականացված ավագանու որոշման մասին հուշերը: Վերը նշված հակաեղևնային քաղաքականության հաջորդ զոհերը Վարդանանց հրապարակի «Կումայրի» հյուրանոցի դիմացի տասներկու և Գյումրու Արագած ճեմափողոցի ինն եղեւնիներն են, որոնք, իբր թե «խաթարում են» հրապարակի և ճեմափողոցի քաղաքաշինական տեսքն ու ենթակա են տեղափոխման:
Պետք է նշել, որ անցյալ տարիների ընթացքում Արագած ճեմափողոցը նախկին չափերից նեղացնելու հաշվին, նրան հարող տարածքները ենթարկվել են այնպիսի հետեւողական ու անճաշակ կառուցապատման, որ այսօր այն ճեմափողոց կոչելու եւ բարեկարգելու մասին խոսելը գրեթե ավելորդ է:
Ելնելով ստեղծված իրավիճակից, մենք Գյումրու ներքոստորագրյալ քաղաքացիներս եւ կազմակերպություններս կարծում ենք, որ հարկավոր է հրաժարվել Վարդանանց հրապարակում եւ Արագած ճեմափողոցում աճող եղեւնիները տեղափոխելու մտքից, քանի որ եղեւնիների տեղափոխման գաղափարը համարում ենք չհիմնավորված, չարդարացված ու պարզապես համայնքային միջոցների վատնում, բացառել Արագած ճեմափողոցի եւ նրան հարող տարածքների հետագա կառուցապատումը եւ նեղացումը, գազոնների եւ կանաչ տարածքների հաշվին»,-ասվում է Գյումրու ՀԿ-ների հայտարարության մեջ:





