AM
16 Մարտ 2011 - 09:34 AMT

«Հավասարների հավաք». Հայաստանում առկա Համաքաղաքացիական շարժումը պետք է միավորի բոլոր ուժերին

Հայաստանում առկա Համաքաղաքացիական շարժումը պետք է միավորի քաղաքացիական, քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերին, կազմակերպություններին, նախաձեռնող խմբերին եւ անհատներին, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության, անկախության, ազատության եւ իրավահավասարության: Այս մասին ասվում է «Հավասարների հավաքի» հայտարարության մեջ: «Համաքաղաքացիական շարժումը պետք է ունենա բացառապես մի օրակարգ` քաղաքական համակարգի եւ քաղաքական վերնախավի փոփոխությունը, որի նպատակը Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումն է, այսինքն` ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության հիմնումը, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սա է միակ նպատակը, որ համախմբում է Շարժման մեջ ընդգրկված բոլոր միավորներին` անկախ քաղաքական, տնտեսական, հասարակական եւ այլ հարցերի վերաբերյալ ունեցած իրենց համոզմունքներից»,-ասվում է հայտարարության մեջ:

«Համաքաղաքացիական շարժումը չի կարող ունենալ անձնիշխանական բնույթ: Շարժման մեջ ընդգրկված և Շարժմանը հարող բոլոր միավորները միմյանց հետ պետք է հարաբերվեն` ելնելով ժողովրդավարական սկզբունքներից: Շարժումը կարևորում է շարժման մեջ ընդգրկված բոլոր քաղաքացիների պատասխանատվության գործոնը հավասարապես»,-ասվում է «Հավասարների հավաքի» հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները շարադրված տեսակետները կիսող անձանց հրավիրում են ստորագրել Հայտարարության օնլայն տարբերակի ներքո` http://www.ipetitions.com/petition/havasarner/: