ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արմավիրի մարզում ծանոթացավ Հուշակերտ համայնքի դպրոցի շենքային պայմաններին, որը նախատեսվում է վերանորոգել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման համար հատկացված միջոցներով: Մարզպետ Ա. Ղահրամանյանը փոխվարչապետին ներկայացրեց իրականացվելիք աշխատանքների ծավալները, ժամանակացույցը: Դպրոցի վերանորոգման համար կհատկացվի 60 մլն դրամ, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարին: Փոխվարչապետը հանձնարարեց մարզպետին ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը:
Ա. Գևորգյանն այնուհետև եղավ Շենիկի վերականգնված ինքնահոս համակարգի գլխամասային հատվածում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Համակարգը վերականգնվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագրերի շրջանակում, և, ըստ պատասխանատուների, պատրաստ է ոռոգման նոր շրջանին:
Ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցեր քննարկվեցին Բաղրամյան համայնքում կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաև ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «ՀՄՀ-Հայաստան»-ի, ՋՕԸ-երի ներկայացուցիչներ, տարածաշրջանի համայնքապետեր: Մարզում ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ են իրականացվում թե «ՀՄՀ-Հայաստան»-ի, թե Համաշխարհային բանկի ծրագրերով, և, ըստ փոխվարչապետի, դրանց ընթացքը վկայում է, որ ոռոգման նոր շրջանը հնարավոր կլինի սկսել նոր հզորություններով և առավել արդյունավետ կազմակերպել ջրամատակարարումը: Տեղեկացվեց, որ երրորդ կարգի ջրանցքների ընդհանուր ծրագրում ընդգրկված է 24 համայնք, և ծրագրի 2-րդ փաթեթի 12 համայնքներում մինչև շաբաթվա ավարտը լայն ծավալով կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Ընթացքում է «Ռանչպար-2» պոմպակայանի վերականգնումը, որը հիմնականում սպասարկում է Արմավիրի մարզի հողատարածքները: Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրով ավարտին է մոտենում Արմավիրի և Թալինի մայր ջրանցքի վերակառուցումը: Ա. Գևորգյանը ընդգծեց ջրանցքի նշանակությունը հատկապես գյուղատնտեսության զարգացման համար:
Պատասխանատուները փոխվարչապետին վստահեցրին, որ ոռոգման շրջանն անխափան կազմակերպելու առումով խնդիրներ չեն առաջանա: Ա. Գևորգյանը հանձնարարեց ոռոգման այլընտրանքային տարբերակների կիրառման պարագայում այդ մասին իրազեկել գյուղացիական տնտեսություններին: Նա նաև մարզպետին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցել շինարարական կազմակերպությունների հետ` ընթացքում ի հայտ եկող խնդիրները համատեղ լուծելու համար:
Այնուհետև քննարկվեց համայնքի ղեկավարների կողմից բարձրացված գյուղատնտեսությանն առնչվող մի շարք խնդիրներ: Մասնավորապես, մարզում խիստ մտահոգիչ են մնում մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքները. արդյունավետ պայքարելու համար պետք է համալիր միջոցառումներ իրականացնել:Համայնքի ղեկավարները կարևորեցին նաև մատչելի և երկարատև վարկային միջոցների հասանելիությունը: Փոխվարչապետն անդրադարձավ նաև մարզում մթերող ընկերությունների հետ արդեն իսկ աշխատանքներ սկսելու անհրաժեշտությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի Արմավիրի մարզում բերքատու են դառնալու հարյուրավոր հեկտարներով խաղողի նոր այգիներ: Ա.Գևորգյանը վստահեցրեց, որ այս և գյուղատնտեսությանն առնչվող բոլոր հարցերը գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, հաղորդում է ՀՀ ՏԿՆ մամլո ծառայությունը:





