AM
18 Մարտ 2011 - 07:47 AMT

Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգն ու Հայաստանի Տավուշի մարզը կհամագործակցեն

2011թ. մարտի 4-ին Ֆրանսիայի Նանտեր քաղաքում գտնվող Օ դը Սեն նահանգի ընդհանուր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի եւ Հայաստանում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի միջեւ ստորագրվեց ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիր: Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի բնակչությունը աջակցություն կստանա գյուղատնտեսության ոլորտում. մասնավորապես կբարեկարգվեն ոռոգման ենթակառուցվածքները, կկառուցվեն ագրոբազաներ, կխթանվի անասնապահություն, տնկարանային տնտեսությունը, կներմուծվեն կովերի նոր ցեղատեսակներ, կստեղծվեն աշխատատեղեր, հատյնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժինը:

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը, փոխնախագահ Միշել Պազումյանը, բազմաթիվ հյուրեր: Իր խոսքում Պատրիկ Դևեջյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրմամբ Օ դը Սեն նահանգը շարունակում է դեռ երկու տարի առաջ սկսված համագործակցությունը, որի շահառուն Տավուշի մարզի կարիքավոր բնակչությունն է: Մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց Օ դը Սեն նահանգին աջակցության համար, ասելով, որ Տավուշի մարզն ունի գյուղատնտեսական զարգացման մեծ ներուժ եւ բարենպաստ նախապայմաններ:

Նշենք, որ 2009-2010թթ. Ֆրանսիայի այս նահանգը տարեկան 500 000 եվրո արժողությամբ ծրագիր արդեն իրականացրել է մարզում: Տարեկան 300 000 եվրոյի ներդրում էր ունեցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը: