Ամերիկայի Հայկական համագումարի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ Ջերարդ Գաֆեսճյանը և անցած տարվա ավարտին Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի բացմանն առնչվող դատաքննությունը վերահսկող դատավոր Քոլին Քոլար-Քոտելլին բավական մտերիմ են: Ի հավելումն, կողմերը չեն թաքցրել նաև այն, որ միասին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին են նվիրաբերել ժամանակակից ապակյա արվեստի բացառիկ նմուշ:
Դատավորի և պրն. Գաֆեսճյանի միջև գոյություն ունեցող «փոխշահավետ» և «հասութաբեր» հարաբերություններն այս վերջերս բացահայտելով` Ամերիկայի Հայկական համագումարի իրավաբանները անցած շաբաթ նոր դատաքննության դիմում ուղղեցին այն հիմունքով, որ դատը անկողմնակալ չի ընթացել: Հետաքրքիր է նշել նաև, որ Կոլումբիա շրջանի դաշնային դատարանի բոլոր դատավորներից հենց այդ դատավորն է վարել դատաքննությունը:
Մասնավորապես, Համագումարի իրավաբանները դիմումում նշել են, որ «Դատավոր Քոլար-Քոտելլին և Գաֆեսճյանը հրապարակավ ճանաչված են որպես միացյալ նվիրատուներ» Ստանիսլավ Լիբենսկու և Ջարոսլավա Բրիխտովայի ժամանակակից ապակյա արվեստի նմուշը Մետրոպոլիտեն Արվեստի Թանգարանին հանձնելու համար: Գաֆեսջյանը դատաքննությանը վկայություն տվեց, որ նա ցանկանում էր, որ Լիբենսկին Հայոց ցեղասպանության թանգարանի համար ստեղծի ապակյա մի քանդակ: Դատավոր Քոլար-Քոտելլին իր 190 էջանոց որոշման հուշագրի մեջ նույնպես հղում արեց Լիբենսկուն:
Օրենքին համաձայն (28-րդ օրենքի հոդված 455a) դատավորը «ինքնաբերաբար զրկվում է ցանկացած դատավարություն վարելու իրավունքից, եթե իր անկողմնակալությունը կասկածի տակ է դրվում»: Ավելին` դատավորը որակազրկվում է նաև այն դեպքում, երբ նա` դատավորը, կամ իր ամուսինը ունեն «շահ, որը կարող է էապես ներազդվել դատավարության արդյունքից»: Միացյալ Նահանգների գերագույն դատարանը բացատրել է դատական ընթացակարգի ազնվության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու կարևորությունը: Հաստատված նախադեպ է նաև այն, որ պետք է դադարեցնել տվյալ գործի վերաբերյալ բոլոր հետագա դատավարությունները:
Պրն. Գաֆեսճյանի և դատավորի միջև գոյություն ունեցող փոխշահավետությունն ու մտերմությունը շատ լավ են բացատրում այն երևույթը, թե ինչու չվիճարկվող փաստերի ու ակնհայտ շահերի բախման պատճառներն անտեսվեցին և լուծվեցին հօգուտ պրն. Գաֆեսճյանի: Հաշվի առնելով հանգամանքների ամբողջությունը, ինչպես նաև դատավորի ու պրն. Գաֆեսճյանի անունակությունը քողարկել իրենց մտերմությունը և իրենց ընդհանուր հետաքրքրությունն ու սերը ապակյա արվեստի նկատմամբ` Համագումարի իրավաբանները եզրակացրել են, որ այս նոր բացահայտումները և փոխշահավետ հարաբերությունները անցնում են կիրառելի չափօրինակ հանդիսացող սահմանը և պաշտոնապես դիմել են դատարանին` պահանջելով նոր դատաքննություն անցկացնել անկողմնակալ դատավորի վերահսկողության ներքո:
Համագումարը ուղղեց պաշտոնական դիմում, քանի որ անհանգիստ էր նախագծի համար ստացված նվիրատվությունների ճակատագրով, ինչպես նաև հետևելով իր բազմաթիվ հովանավորների ցանկությանը` հաշվի առնելով այն, որ պրն. Գաֆեսճյանը մտադրված է օգուտ քաղել այդ նվիրատվություններից, ինչպես նաև գնահատված սեփականության արժեքից` կիրառելով պայմանագրի հայեցողական ռեվերսիոն հոդվածը: Մենք հատկապես ցանկանում ենք նշել, որ նույնիսկ իր որոշման մեջ դատավոր Քոլար-Քոտելին ասել է, որ «չնայած դատարանը հույս է հայտնում, որ սեփականությունը կօգտագործվի թանգարանի համար, սակայն դատարանը ընդունում է, որ Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը օրենքով պարտավոր չի օգտագործել տարածքները թանգարան կառուցելու համար»:
Դատավեճը սկսվեց 2007 թ.-ի ապրիլին, երբ պրն. Գաֆեսճյանը և իր հիմնադրամը դատի տվեցին համագումարին ու Հայոց Ցեղասպանության թանգարանին և հուշահամալիրին (Armenian Genocide Museum and Memorial –AGMM): Համագումարը հետևողականորեն ձգտում էր հարցի կարգավորմանը նույնիսկ մասնավոր միջնորդների միջոցով: Համագումարը նախկինում համաձայնվել է հարցը կարգավորել դատարանի միջնորդությամբ, որը պրն. Կաֆեսջյանը մերժել է: Ի հավելումն, համագումարը բազմիցս համաձայնվել է հանդիպել պրն. Կաֆեսջյանի հետ` ներառյալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի միջնորդությամբ: Այս տարվա սկզբին պրն. Կաֆեսջյանը նորից դատի տվեց համագումարին, ինչպես նաև առանձին դատի է տվել Հրայր Հովնանյանին և Վան Գրիգորյանին:
Համագումարը շարունակում է հավատարիմ մնալ Անուշ Մաթևոսյանի մտահաղացման իրագործմանը: Մաթևոսյանը եղել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու գաղափարի հեղինակը:





