AM
18 Մարտ 2011 - 11:23 AMT

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին: Նախագահը գոհունակությամբ է խոսել բոլոր մակարդակներում հայ-վրացական փոխայցելությունների ու շփումների ակտիվացման մասին, ինչը կարևորվել էր նաև նախագահ Սաակաշվիլիի տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, Ռամազ Նիկոլաիշվիլին Հանրապետության ղեկավարին ներկայացրել է գործընկերոջ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հետ ունեցած արդյունավետ քննարկումների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք վերաբերել են երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող Վերին Լարսի ճանապարհահատվածի վերակառուցմանն ու բնակլիմայական պայմանների հարուցած դժվարություններից անկախ` անխոչընդոտ բեռնափոխադրումների իրականացմանը, Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի կառուցմանը, իսկ վրացական կողմից` Ախալցխա-Բաթումի տարանցիկ ճանապարհի վերակառուցմանն ու ճանապարհաշինության բնագավառում փորձի փոխանակմանը: