AM
18 Մարտ 2011 - 11:56 AMT

Երևանում կներկայացվի արդի տեխնոլոգիաներին նվիրված գերմանական ցուցադրությունը

Մարտի 21-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Հայաստանում առաջին անգամ կբացվի «renewables – Made in Germany» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) հետ համատեղ։

2004թ. սկսած՝ արդի տեխնոլոգիաներին նվիրված այս ցուցադրությունը ներկայացվել է ավելի քան 90 երկրների 260 միջոցառումներում: Գերմանիայի էներգետիկ գործակալության (Deutsche Energie-Agentur /dena/) մշակած այս ցուցադրությունն իր 26 ցուցադրավահանակների միջոցով պատկերացում է տալիս վերականգնվող էներգիայի և նրանց այլընտրանքային հնարավորությունների մասին։

Ցուցադրանմուշները մասնավորապես կպատմեն քամու էներգիայի, բիոէներգիայի, արևային էներգիայի և հիդրոէլեկտրակայանների մասին։ Գերմանիան վերականգնվող էներգակիրների կիրառմամբ առաջատար է աշխարհում, ասվում է ԳԴՀ դեսպանատան հաղորդագրության մեջ։