Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 18-ին այցելել է Արմավիրի մարզ: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, Սերգո Կարապետյանը տեղում ծանոթացել է մարզի գյուղացիներին անհանգստացնող մկնանման կրծողների պատճառած վնասներին ու ընդհանուր իրավիճակին: «Մենք ունենք հանրապետության նախագահի հանձնարարականը` ժամանակին և տեղում լուծելու գյուղացու խնդիրները: Առաջնորդվելու ենք նախագահի հանձնարարականներով, իսկ գյուղատնտեսությունն, ինչպես գիտեք, հայտարարված է գերակա ոլորտ», – նշել է նախարարը:
Արմավիրի մարզում առաջացած խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար Սերգո Կարապետյանն այցելությունից հետո խորհրդակցել է ոլորտի առաջատար մասնագետների հետ, փորձել գտնել պայքարի ամենարդյունավետ ճանապարհները:
Քննարկումից հետո նախարարության համապատասխան պաշտոնյաների ուղեկցությամբ Ագրարային համալասրանի Ագրոնոմիային ֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը, Մրգապտղաբուծության և խաղողագործության ամիբիոնի վարիչ Արա Հովհաննիսյանը, Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի ավագ գիտաշխատողներ Դերենիկ Սաֆարյանը և Դմիտրի Բեկետովսկին, ԳԱՄԿ -երի մի շարք մասնագետներ կրկին մեկնել են Արմավիրի մարզ, շրջել վնասված տարածքներում, խորհուրդներ տվել ֆերմերներին` կամրջապատվաստ անել, ծառերի բացված արմատները փակ պահել: Այս աշխատանքներում կընդգրկվեն նաև Ագրարային համալսարանի ուսանողները` օգնելով գյուղացիներին ավելի մասնագիտորեն մոտենալ այգիների պաշտպանության աշխատանքներին: Գյուղատնտեսության համար մեծ վտանգ ներկայացնող մկնանման կրծողների դեմ ծավալված պայքարի հետագա ընթացքն ամբողջությամբ և օպերատիվորեն կվերահսկվի ՀՀ ԳՆ կողմից, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:





