AM
18 Մարտ 2011 - 14:19 AMT

Աուդրոնիուս Աժուբալիս. Հարկավոր է Սոչիի հանդիպման դրական ելակետից շարունակել բանակցությունները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը նախ շնորհավորել է Լիտվային` ԵԱՀԿ նախագահությունն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի համար շատ կարևոր է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը:

«Ուրախ եմ և հուսով, որ ԵԱՀԿ-ում Ձեր նախագահության ընթացքում անվտանգության և համագործակցության ապահովման ավելի մեծ արդյունքներ կարձանագրենք»,-ասել է նախագահ Սարգսյանը:

ԵԱՀԿ գործող նախագահը շնորհակալություն է հայտնել կազմակերպության և նրա նախագահության հնարավորությունները բարձր գնահատելու և համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին ԵԱՀԿ կառույցների կողմից ցուցաբերվող աջակցությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում, դրական են գնահատվել Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները: ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ չպետք է կանգ առնել և անհրաժեշտ է այդ դրական ելակետից շարունակել բանակցությունները, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: