Աթենքում ընթանում է Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) նախագահության նիստը, նախագահությամբ կազմակերպության նախագահ եւ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի։ Նախագահության նիստին մասնակցում է նաեւ Հայաստանից կազմակերպության փոխնախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Մարիա Թիթիզյանը։
Նախագահության նիստը կենտրոնանալու է արաբական աշխարհում վերջին զարգացումների վրա, քննարկվելու են համատեղ քայլերի հնարավորությունները՝ այս ժողովրդավարական հեղափոխությունների նպատակների հաջողության համար։ Միօրյա ժողովի օրակարգում է նաեւ Փղոսկրի Ափը (Կոտ դ'Իվուարը), ուր Սոցինտերնի անդամ կուսակցությունը՝ Փղոսկրյան ժողովրդային ճակատը կախակայվել է, երկրում հետընտրական տագնապի պատճառով։ ԸՄ նախագահությունը քննարկելու է նաեւ անդամակցության եւ անդամ կուսակցությունների պարտավորությունների կատարման վերաբերյալ սկզբունքային հարցեր, հայտնում է ՀՅԴ մամլո ծառայությունը:
Սոցինտերնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ բոլոր մայր ցամաքներից։ Կազմակերպության նախագահությունը կազմված է նախագահից, գլխավոր քարտուղարից, 32 փոխնախագահներից եւ 6 ի պաշտոնե անդամներից։





