Արցախի եվրոպական շարժման նախագահ Հայկ Խանումյանը բաց նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «2008թ.-ից սկսած, երբ Դուք դարձաք ՀՀ վարչապետ, հասարակական ակտիվ դիսկուրս ծավալվեց ձեր որոշ հոդվածների, հնչեցրած մտքերի շուրջ: Շատերը ոգևորվեցին գիտելիքահեն տնտեսություն ունենալու, հայությունը որպես ցանցային կառույց տեսնելու հեռանկարներով: Պարզվում է` մեր հասարակությունում կան անհատներ, որոնք հաճախ առանց խոսելու, հեղափոխական փոփոխություններ են բերել կյանքի տարբեր ոլորտներ, փոխել պատկերացումներ, զգալիորեն նպաստել գիտելիքահեն ցանցային հասարակության ձևավորմանը»:
«Այս նյութը գրելու առիթ հանդիսացավ «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ում ստաժ անցնող 2 ստեփանակերտցի ուսանողների հաջողությունը: Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցացիա- ԱՐՄԱԿԱԴ ցանցին գրանցվելով` նրանք դիմել էին Ստրասբուրգում անցկացվող համաեվրոպական երիտասարդական մի ծրագրի և դրական պատասխան ստացել: Այսօր ես հանդիպում եմ բազմաթիվ նախկին համակուրսեցիների, դասախոսական, գիտական, ուսանողական շրջանակների, որոնք շնորհիվ ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցի` այսօր սովորում են առաջատար համալսարաններում, մասնակցում են տարբեր ամառային, թեմատիկ դպրոցների, գիտաժողովների, վերապատրաստման դասընթացների, գիտահետազոտական ծրագրերի, գտնում են կրթաթոշակներ և այլ աջակցություն:
Տարբեր ուսումնական ծրագրերի, միջոցառումների, գիտական և կրթական նորությունների, կրթաթոշակների մասին ինֆորմացիա հավաքելով` Արմակադն այն ցրում է իր էլփոստային ցանկի մեջ ընդգրկված մոտ 5000 անդամներին, որոնք հիմնականում համալսարանական շրջանակներ են` աշխարհի տարբեր երկրներում: Շնորհիվ Արմակադի` այսօր հայ ուսանողների համար անմատչելի չեն թվում հայտնի համալսարաններն ու կրթական ծրագրերը. 3 տարուց քիչ ավելի իր գործունեության ընթացքում Արմակադը զգալիորեն փոխել է ակադեմիական փոխանակության մթնոլորտը Հայաստանում, մեր երկիրը դարձրել գիտական և կրթական շրջանակներում ճանաչելի:
Սա մի գործիք է, որ թույլ է տալիս, օրինակ, Արցախի եվրոպական շարժման պես սահմանափակ ռեսուրսներ ունեցող մի կազմակերպության միջազգային մրցույթ հայտարարել Ստեփանակերտում կազմակերպվող ստաժի համար և 2 տեղի համար ստանալ մոտ 200 դիմում աշխարհի տարբեր համալսարաններից:
Արմակադի շնորհիվ աշխարհի տարբեր համալսարաններում սովորող հայ ուսանողների կոնտակտային տվյալները գործի են դրվում ասենք Արցախի մասին որևէ ադրբեջանամետ դասախոսություն տապալելու, կամ հայությանը վերաբերվող տարբեր թեմաներով դրսի համալսարանական շրջանակներում դասախոսություններ կազմակերպելու համար:
Գիտական այս ցանցը հիմնել է երիտասարդ գիտնական Խաչիկ Գևորգյանը, որը դեռ 3-րդ տասնամյակն էլ չի բոլորել: Վերջերս Խ.Գևորգյանը դիմել էր Արմակադ ցանցի անդամներին` խնդրելով նվիրատվություններ կատարել Արմակադի հետագա առաջխաղացումն ապահովելու համար: Մոտ 50 հազար ԱՄՆ դոլար էր հարկավոր գրասենյակ, գույք, մի քանի վարձատրվող աշխատող ունենալու համար: Արմակադն արժանի է ֆինանսավորվել ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից և խնդրում եմ օժանդակել այդ հարցում»,-ասվում է բաց նամակում:





