AM
21 Մարտ 2011 - 14:03 AMT

Քաղաքապետ. Բարեկարգման պարտադիր նորմերը չկատարող սուբյեկտները տույժի կենթարկվեն

Անդրադառնալով Երևանի կանաչապատման խնդրին` Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ մայրաքաղաքում այս աշխատանքների կազմակերպումը պետք է լինի համակարգված, մասնագիտորեն հիմնավորված և Երևանին բնորոշ յուրօրինակ դիզայնով:

Մեկ անգամ ևս անդրադառնալով սպասարկման օբյեկտների և ստորգետնյա անցումներում առևտրային գործունեություն իրականացնողների կողմից շրջակա տարածքների բարեկարգման ու կանաչապատման հարցին` քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը: Բարեկարգման պարտադիր նորմերը չկատարող սուբյեկտները պետք է համապատասխան տույժի ենթարկվեն, ընդհուպ մինչև վարձակալության պայմանագրերի դադարեցում` շեշտել է քաղաքապետը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: