Մարտի 17-ին Մատենադարանի մոտ և ապա Ազատության հրապարակում տեղի ունեցած ընդդիմության` ՀԱԿ-ի հանրահավաքը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական գլխավոր ուժերը` լինի ընդդիմություն, թե իշխանություն, ավելի հակված են գործելու իրենց կուսակցական նեղ շահերից ելնելով, քան հասարակության: Այդ մասին ասվում է Արմենական-ՌԱԿ (Ռամկավար-Ազատական կուսակցության) կենտրոնական վարչության հայտարարության մեջ:
«Հայաստանում գործող երկու հիմնական կոալիցիաները` թե' ընդդիմադիր, հանձին ՀԱԿ-ի, թե' իշխող, մենաշնորհել են քաղաքական դաշտը, չհանդուրժելով քաղաքական այլ ուժերի գործունեությունը: Նման իրավիճակը ձեռնտու է երկուսին էլ, որոնք իրենց գործունեությունն արդարացնում են և բացատրում հակառակ կողմի գոյությամբ, այլ ոչ ՀՀ քաղաքացիների շահերով, որոնք գտնվելով տնտեսական ու սոցիալական ծանր վիճակում, իրավամբ ակնկալում են հիմնարար, համակարգային, արմատական փոփոխություններ: Ներկա պայմաններում առավել անհանդուրժող է դարձել ՀԱԿ-ը, որի այլամերժությունը դրսևորվում է նաև ընդդիմադիր այլ ուժերի ու գործիչների նկատմամբ: Փաստորեն ՀԱԿ-ը ներկայումս սեփականաշնորհել է ընդդիմադիր դաշտը և, ըստ էության, խանգարում է ընդդիմադիր առողջ և առավել հեռանկարային ու թարմ ուժերի` մասնավորապես երիտասարդական կազմակերպությունների կայացմանը»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
Արմենական-ՌԱ կուսակցությունը կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակի արմատական փոփոխության համար նախ «պետք է փոխվի անհանդուրժողականության ներկա մթնոլորտը, պետք է հրաժարվել քաղաքական մենաշնորհներից և արդեն 20 տարի շարունակ հայրենի քաղաքական թատերաբեմը զբաղեցրած գործիչներից: ՀՀ-ում վերջիվերջո պետք է իրականացվեն իսկապես ժողովրդավարական ընտրություններ և սկիզբ դրվի արմատական փոփոխություններին»,- ասվում է Արմենական-ՌԱԿ կենտրոնական վարչության հայտարարության մեջ:





