AM
22 Մարտ 2011 - 07:54 AMT

2009 թ. Հայաստանում փակվել են 5 տասնյակից ավելի գրադարաններ՝ հիմնականում գյուղերում

Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանի գրադարանները 2009թ.» թեմայով սեմինար-խորհրդակցություն, որը կազմակերպել էին Հայկական գրադարանային ասոցիացիան, Ազգային գրադարանի Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժինը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ներկայացուցիչներ մարզային, համայնքային, բուհական և գերատեսչական գրադարաններից: Սեմինար-խորհրդակցության ժամանակ ներկայացվեց գրադարանների ֆոնդերի, գրադարանային գործառույթների, հարակից այլ խնդիրներ` 2009թ. գրադարանների վիճակագրական հաշվետվությունների հիման վրա արված վերլուծությունները:

ՀԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային գրադարանը, 1978 թվականից սկսած, ամեն տարի հրատարակում է «Հայաստանի գրադարանները» վիճակագրական վերլուծությունը` ներկայացնելով վերջին հրատարակությունը` «Հայաստանի գրադարանները 2009թ.»: Նրա խոսքով, առաջիկայում կքննարկեն գրադարանների մասին օրենքի նոր նախագիծը, հաշվի կառնվեն գրադարանների ներկայացուցիչների բոլոր առաջարկությունները, դիտողությունները:

Երկրորդ տարին է, ինչ ներկայացվում է նաև Արցախում գործող 10 գրադարանների տվյալները. Արցախում ընթերցողների թիվը մոտ 21.300 է, գրքային ֆոնդը` մոտ 400.000, աշխատողների թիվը` 75: Բուհերի գրադարանների տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ 2009թ. ավելացել են ուսանողների հաճախումները, գրականության սպասարկումը, համալրումը:

Հաշվետու տարում հանրապետությունում փակվել են 5 տասնյակից ավել գրադարաններ, որոնց մեծ մասը գյուղերում:

Այսօր հանրապետությունում գործում են մոտ 60-70 հրատարակչություններ: Դրանք տարեկան հրատարակում են 1500-2000 անուն գիրք ու գրականություն: Տարբեր միջազգային ցուցահանդես-տոնավաճառներում շահեկանորեն առանձնանում և բարձր պարգևների են արժանանում հայ հրատարակիչների տպագրած շքեղ գրքերն ու ալբոմները: Այս բոլորով հանդերձ և այս ֆոնին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին ճանաչվել գրքի միջազգային մայրաքաղաք: