ՀՀ քաղաքաշինության նախարարության` աղետի գոտու բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խումբը Գյումրիում 2009-2010 թթ. բնակարան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու էր հրավիրել անօթևանների հերթացուցակում հաշվառված 2400 ընտանիքների, սակայն պահանջվող փաստաթղթերը կարողացան ներկայացնել նրանցից ընդամենը 1200-ը: Այս մասին ասվում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հայտարարության մեջ: Ըստ կազմակերպության ուսումնասիրությունների` փաստաթղթեր չներկայացնելու հիմնական պատճառն այն է, որ այդ ընտանիքների անդամներն երկար ժամանակ է բացակայում են Հայաստանից, նրանցից շատերի նույնիսկ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն: Կան նաև դեպքեր, երբ բացակա անդամների անձնագրերի վավերականության ժամկետը լրացել է, ուստի նրանք չեն կարողանում լիազորագրեր ուղարկել:
«Մեր կազմակերպությունը 2010 թ.-ին ՀՀ կառավարության N 432 որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով մի շարք դիմումներ հղեց ՀՀ կառավարությանը: Կատարված փոփոխություններով պիտի հնարավորություն տրվեր բնակարանի հավակնորդ անօթևան ընտանիքների ներկա անդամներին` ընտանիքի բացակա անդամի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության մասին գրավոր հայտարարությամբ օգտվելու բնակարան ստանալու իրենց իրավունքից: Նույն որոշման համաձայն` փաստաթղթեր չներկայացրած անդամն այլևս ընտանիքի կազմում չի հաշվառվում, ավելին` բացակա անդամի բնակարանային ապահովման նկատմամբ պետական պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված: Սակայն այս տարի ևս, երբ արդեն սկսվել է երկրորդ փուլով փաստաթղթերի ընդունումը, ընտանիքի բացակա անդամներ ունեցող անօթևանները կրկին հայտնվել են փակուղու առջև, քանի որ բնակարանների բաշխման հանձնաժողովին աջակցող աշխատանքային խումբը նրանցից պահանջում է 2010 թ. օգոստոսի 5-ի որոշմամբ սահմանված և Գյումրու նոտարական գրասենյակում վավերացված հայտարարություն այն մասին, որ իրենց բացակա անդամի վերադառնալու դեպքում իրենք պատրաստ են նրան ապահովել բնակմակերեսով: Սակայն Գյումրու նոտարական տարածքի նոտարը տարաբնույթ պատճառաբանություններով սովորաբար հրաժարվում է վավերացնել շահառուների կողմից կառավարության վերոհիշյալ որոշմամբ պահանջվող հայտարարությունները»,-ասվում է հայտարարության մեջ:
«Ուզում ենք հավատալ, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես ՀՀ վարչապետը, ՀՀ քաղաքաշինության և արդարադատության նախարարները կարձագանքեն մեր այս հայտարարությամբ հնչեցված ահազանգին և կտրուկ միջոցների կդիմեն բնակարաններ ստանալու հավակնորդ ընտանիքներին ավելորդ թղթարարությունից և քաշքշուկներից զերծ պահելու համար»,-ասվում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հայտարարության մեջ:





