Մարտի 22-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել հայտարարությամբ Ազատության հրապարակում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Արեւելյան Հայաստանի վերջին 100-ամյա պատմության ընթացքը, որի հասարարակական-քաղաքական համակարգի բնութագիրն է ցարիզմը, ստալինիզմը, ցինիզմը, հայ ժողովրդի համար այդպես էլ չդարձավ ազգահավաք` արդարացի ազգային պետություն կերտելու համար: Նրա խոսքերով, մեր սերունդը, որը շարունակում է ապրել այդ դարաշրջանին բնորոշ կարգերով, կարող է կորցնել իր մայրենի բնօրրանի մի մասում ապրելու իրավունքը:
«Ժամանակ չունենք այլեւս այս կառավարությանը հանդուրժելու, որը դարձյալ շարունակում է հարստահարելով կոտորել ժողովրդին: Բայց միեւնույն ժամանակ կարող ենք արձանագրել, որ այս կառավարությունը, գտվելով խուճապի մեջ, սարսափում է ժողովրդի ընդվզումից: Եվ օրուգիշեր ոչ միայն սուտ խոստումներ է հրապարակում, այլ նաեւ փորձում է միջոցներ ձեռնարկել իր հակահայկական իշխանությունը երկարացնելու համար, որի ապացույցներից են փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հուշագիրը, «Հավաքների ազատության մասին» նոր օրենքի ընդունման նախաձեռնումը եւ այլն»,-ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորը:
«Այլեւս մենք իրավունք չունենք անտարբեր մնալ եւ անփույթ պահել մեզ: Ահազանգը համահայկական է, հասցեատերը բոլորս ենք: Թույլ չտանք, որ հայոց հայրենիքը կրկին դատարկվի իր զավակներից եւ կարոտ մնա նրանց` առանց իսկական տիրոջ թողնելով հայեցի քաղաքակրթությունը: Այստեղից` այս նվիրական հրապարակից, նոր գոյամարտ է սկսվել հանուն մեր ժողովրդի բարօրության եւ արժանապատիվ ապրելու: Մենք բոլորս եւ յուրաքանչյուր քաղաքացի զինվոր ենք` հանուն արդարության եւ ազատության վերանվաճման սկիզբ առած ազատամարտում¦,-ասել է Զարուհի Փոստանջյանն իր հայտարարության մեջ:





