ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մարտի 22-ին Ազատության հրապարակում հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ մարդկային խելամտության առումով անչափ դժվար է բացատրել այն, ինչ արդեն 8-րդ օրն է տեղի է ունենում Ազատության հրապարակում: Պատգամավորի խոսքերով, հրապարակի մի կողմում արտակարգ իրավիճակում հայտնված երկրիս ներկայով եւ ապագայով մտահոգ, հայրենասեր հայորդի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանն է` շրջապատված, քաղաքացիական հասարակության բազմաթիվ զորակցողներով, մյուս կողմում` տարբեր տեսակի ատրակցիոններն ու սրճարաններն են, թենիսի սեղաններն ու վրանատիպ կառույցները: Անահիտ Բախշյանի խսոքերով, միջազգային եւ ՀՀ օրենքներով բողոքի այս ձեւն ընտրած ՀՀ քաղաքացին պետք է ապահովված լինի առողջության ու հանգստի տարրական պայմաններով, այսինքն մի վայր պետք է լինի, որտեղ նա պատսպարվի արեւից ու անձրեւից: «Այդ տեղը վրանն է, ինչպես ընդունված է աշխարհում: Բայց արի ու տես, որ մեր երկրում վրանն արգելվում է ոստիկանների կողմից»,-ասել է նա:
«Ժառանգություն» կուսակցության եւ համանուն խմբակցության կողմից պետական մարմիններին ուղղված բազմաթիվ նամակներն այդպես էլ մնացին անպատասխան: Արձագանքեց միայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ով իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում է որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում է ոչ իրավաչափ: Երբ գործող նախագահի` ոստիկանությանն ուղղված բավականին կոշտ քննադատական խոսքի հենց հաջորդ օրը ոստիկանությունը գործում է նույն ձեռագրով ու նույնիսկ ավելի անմարդկային նկարագիր է դրսեւորում, չենք կարող պարզապես չեզրակացնել, որ նման վարքագիծը թելադրվում է հենց նախագահականից, որով ընդհանրապես արժեզրկվում են որեւէ պաշտոնյայի կողմից հնչող բարեփոխման մասին խոսքերը:
«Ժառանգությունը», ի տարբերություն իշխանությունների, համոզված է, որ ուժը ոչ թե ոստիկանական մահակի, այլ բարոյականության մեջ է, որից ցավոք զուրկ է ներկա կուսակցապետությունը»,-ասել է պատգամավորն իր հայտարարության մեջ:





